Առաջին ռումբերից մեկը հենց գյուղի մեջ են գցել․ կես ժամվա ընթացքում եթե դուրս չգայինք, ճանապարհը կփակեին․ գյուղապետ
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղը 2023թ․ սեպտեմբերի 19-ի կեսօրին՝ ադրբեջանական ներխուժումից կես ժամ անց, դատարկվել է։ Ադրբեջանի ահաբեկչական ստորաբաժանումներն գյուղը թիրախավորել են առաջին րոպեներից։
«Ահավոր ձևով խփում էին դիրքերի վրա, հողին էին հավասարեցրել։ Առաջին ռումբերից մեկը հենց գյուղի մեջ է ընկել։ Մեր դիրքերից մեկը համարյա գյուղի մեջ էր՝ տներին շատ մոտ, մյուսը՝ գյուղի գլխին։
Որ սկսել են խփել, հազիվ հասցրել ենք բնակիչներին տարհանել։ Ով որտեղ կար, նստել է մեքենա ու դուրս եկել։ Շատերը փաստաթղթեր էլ չեն հասցրել վերցնել․ ում մոտ ինչ կար՝ կար»,- «Փաստինֆո»-ին պատմում է Մխիթարաշենի գյուղապետ Մխիթար Առստամյանը։
Գյուղի շուրջ 80 բնակիչները նախ Շոշ գյուղ են հասել, ապա՝ Ստեփանակերտ, որտեղ 4-5 մնացել են ապաստարաններում։
Այդ ամենը կես ժամվա մեջ է տեղի ունեցել։ Եթե մի քիչ ուշացնեինք, ճանապարհ էլ կփակեին ու կմնայինք շրջափակման մեջ։ Հասել ենք Շոշ ու էնտեղի բնակչության հետ, ռուսների ուղեկցությամբ, գնացել Ստեփանակերտ։ Ամբողջ ճանապարհին ռմբակոծում էին»,-ասում է բռնի տեղահանված մեր զրուցակիցը։
Մխիթարաշենի դիրքերում այլ գյուղերի աշխարհազոր էր կանգնած, իսկ գյուղի տղամարդիկ այլ դիրքերում էին։
Ըստ ամենայնի, բնակիչների դուրս գալուց անմիջապես հետո ադրբեջանցի ահաբեկիչները ներխուժել են գյուղ․․․
Մխիթարաշենցիները նույնպես, ինչպես Արցախից բռնի տեղահանված մեր մյուս հայրենակիցները, սփռված են ՀՀ տարբեր մարզերում, ու մարդկանց հիմնական մտահոգությունն աշխատանք չգտնելն ու տների՝ աննախադեպ բարձր վարձավճարներին են։