Արդյունավետ բնական միջոցներ հոդացավերը մեղմելու համար

Հոդացավերը շատ տարածված ու տհաճ խնդիր են, որոնք կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով: Նման ցավը դառնում է շարժումների կաշկանդվածության պատճառ և խիստ բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ այս խնդրից մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել:

Որպես կանոն հոդացավերը մեղմելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հատուկ քսուքներ ու դեղահաբեր, սակայն, բարեբախտաբար, կան նաև շատ ավելի հասանելի ու անվնաս միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն իրենց բնական բաղադրության շնորհիվ չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Aif.ru կայքը ներկայացրել է մի քանի արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել տհաճ զգացողությունները:

  • 1։3 հարաբերակցությամբ խառնել բուրավետ կալիզիայի տերևների հյութն ու հալած յուղը կամ վազելինը, այնուհետև ստացված խառնուրդը քսել հիվանդ հոդին կամ կիրառել կոմպրեսի տեսքով՝ թողնելով 30 րոպե։
  • 1 ճաշի գդալ դաշտային ձիաձետի խոտին ավելացնել մի բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև քամել։ Մաքուր կտորը թրջել գոլ թուրմով և կիրառել ախտահարված հոդին կոմպրես դնելու համար։
  • 1։1։1 հարաբերակցությամբ խառնել սրոհունդի չոր ծաղիկները, գայլուկի կոներն ու իշառվույտի ծաղիկները, այնուհետև բոլոր բաղադրիչները մանրացնել։ 1 ճաշի գդալ վազելինը տաք գոլորշու օգնությամբ հալեցնել, ավելացնել խառնուրդից 1 ճաշի գդալ, այնուհետև 5 րոպե եփել թույլ կրակի վրա։ Ստացված խառնուրդը թողնել սառչի, որից հետո կիրառել որպես բուժիչ քսուք հոդացավերը մեղմելու համար։
  • 1։1 հարաբերակցությամբ խառնել եղևնու և անանուխի յուղերը, այնուհետև ստացված խառնուրդը կիրառել որպես բուժիչ քսուք հոդացավերը մեղմելու համար։
  • խառնել 100 գրամ մեղրը և 50 մլ հալվե վերայի հյութը, այնուհետև ստացված խառնուրդին ավելացնել կես լիտր օղի և թրմել երկու շաբաթ։ Ստացված ոգեթուրմը հարկավոր է կիրառել կոմպրեսների կամ շփումների համար։
  • 1 ճաշի գդալ դեղձի յուղին ավելացնել 5 կաթիլ կիտրոնի եթերայուղ, 4 կաթիլ նվենու եթերայուղ և 4 կաթիլ նարդոսի եթերայուղ, լավ խառնել, այնուհետև ստացված խառնուրդը քսել ախտահարված հոդին ու նուրբ շարժումներով մերսել մինչև այն ներծծվի։
  • 1 բաժակ ձիթայուղին ավելացնել 1 ճաշի գդալ սև պղպեղի փոշի, դնել կրակին ու եռացնել 5-10 րոպե, այնուհետև թողնել սառչի և կիրառել շփումների համար։
  • 1 բաժակ ձիթայուղին ավելացնել 4 ճաշի գդալ լավ մանրացրած դափնու տերև, տարան ծածկել և մեկ շաբաթ թողնել որևէ մութ տեղում։ Թրմվելուց հետո քամել և ստացված յուղը կիրառել գոլ վիճակում ախտահարված հոդին կոմպրեներ դնելու (20-25 րոպե) կամ պարզապես շփումներ անելու համար։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: