Արթիկում մահացած հայտնաբերված 16-ամյա Դավիթը տան միակ երեխան էր․ վաղը նրան կհուղարկավորեն
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մահացած հայտնաբերված 16-ամյա Դավիթ Չոփիկյանը ընտանիքի միակ որդին էր։
Oragir.News-ի հետ զրույցում Արթիկի թիվ 4 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Խաչատրյանը ասաց, որ Դավիթը 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել և սովորում էր Արթիկի պետական քոլեջում․
«Դավիթը շատ լավ աշակերտ էր՝ օրինակելի վարքով, սովորելով։ Դհոլ էր նվագում՝ միջոցառումները զարդարելով։ Հարգված մարդկանց երեխա էր․ ծնողները մանկությանս ընկերներն են։ Խելոք ու շնորհքով մարդիկ էին։ Ոչ մի ավելորդություն չունեին։ Դավիթը տան միակ երեխան էր»։
Տնօրենի խոսքով՝ 16-ամյա տղան առողջական խնդիր է ունեցել, որի մասին նրա մահվանից հետո են միայն իմացել․ «Մեծ ցավ է բոլորիս համար։ Ասում են՝ սրտի հետ խնդիրներ է ունեցել, որոնց մասին դպրոցում չի խոսվել, չի նկատվել։
Հասունացման շրջանում աճի հետ կապված՝ խնդիրներն աստիճանաբար ի հայտ են եկել, երբ արդեն Տեխնիկումի ուսանող էր»։
Դպրոցի տնօրենն ասաց, որ ուսուցչական կոլեկտիվն այսօր ներկա է եղել Դավիթի հոգեհանգստի արարողությանը։ Վաղը 16-ամյա տղային հողին կհանձնեն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում