Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը իրանական համարանիշներով դիզվառելիք տեղափոխող կցորդիչով ավտոմեքենայի վրա առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Հրդեհի հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ով Իրանի Հանրապետության քաղաքացի է, տեղափոխվել է Մեղրի բժշկական կենտրոն։ Նա ձեռքերի և ոտքերի հատվածում այրվածքներ է ստացել։
Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը անտառային հատված, քանի որ կրակը տարածվել էր դեպի խոտածածկ գոտի։
Արտակարգ դեպք Սյունիքում. կա վիրավոր
