Բախտի բացում՝ 30․000 դրամ, ամուսնական ծես՝ 40․000․ տիկտոկում մոգական «ծառայություններ» են մատուցվում
Համացանցում՝ մասնավորապես Tik-tok հարթակում, տարածվում են էջեր, որոնց օգտատերերը հայտարարում են՝ օժտված են էքստրասենսոր, մոգական ունակություններով և կարող են օգնել մարդկանց թե՛ անձնական կյանքի, թե՛ աշխատանքի հարցում։ Նման պնդումը, բնականաբար, օգտագործում են շահույթ ստանալու նպատակով։
Նման գործունեության ամենատարածված միջոց է հանդիսանում բնակչությանը բազմաթիվ «ծառայությունների մատուցումը» և դրանց դիմաց վճարվելը։ Այդ «ծառայությունների» համար իրենց էքստրասենս կոչած մարդիկ ունեն նույնիսկ հատուկ գնացուցակ։
Oragir.News-ը ուսումնասիրել է տիկտոկյան այդպիսի օգտատիրոջ առաջարկած գնացուցակը՝
Զույգերի միացում-35000
Կապի ստեղծում-30000
Մաքրումներ-25000
Ամուսնական ծես-40000
Կախում ծես-30000
Անցյալ և ապագա-10000
3 հարց ապագայից- 5000
10 հարց ապագայից- 10000
Բախտի բացում-30000
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՊԵԿ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք այս ոլորտն ուսումնասիրվում է, և նման ծառայությունների համար այս մարդիկ հարկվու՞մ են։
ՊԵԿ-ից խոստացան հարցի վերաբերյալ ավելի ուշ պարզաբանում տալ։
Հաճախ էքստրասենսները նշում են, որ իրենց մատուցած «ծառայություններն» ու կատարած «ծեսերն» իրականացնում են աղոթքի միջոցով։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց նաև Հայ առաքելական եկեղեցու քահանայի հետ, ով նշեց, որ այս էքստրասենսները և մոգերը պարզապես մոլորեցնողներ են, և եկեղեցին չի ընդունում էքստրասենսներին։