Բժիշկները հերթական հրաշքն են գործել փրկելով 2 տարեկան տղայի կյանքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, հերթական հրաշքն է գործել՝ փրկելով 1.5 տարեկան տղա երեխայի կյանքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Էլ Գարդեն»-ի լողավազանից ջրահեղձ լինելու հետևանքով «ջրահեղձություն» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների 01 խումբը ծայրահեղ վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։
Մինչ հիվանդանոց տեղափոխելը շտապօգնության բժիշկներն են առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա արդեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները, ինչի շնորհիվ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված բժշկական կենտրոն են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով ավագ տեսուչի գլխավորությամբ։
Պարզվել է, որ նույն օրը երեխան, ով Արարատի մարզի բնակիչ 1.5 տարեկան Լևոն Ի.-ն է, գտնվելիս է եղել «Էլ Գարդեն» բացօթյա հանգստյան համալիրում, որտեղ աշխատակիցների անուշադրության և անփութության պատճառով երեխան շրջանցել է բատուտը և հայտնվել լողավազանում։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան մի քանի օր մնալու է բժիշկների հսկողության տակ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։