Գեղարքունիքի մարզում 46-ամյա տղամարդը գազի բալանով փչել է տրակտորի անիվը, ինչից այն պայթել է. նա հիվանդանոցում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 15:50-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կցորդիչի անվները պայթելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Վարդենիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Այվազյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ, 46-ամյա Սլավիկ Ս.-ն մեքենայի գազի բալոնով փչել է իրեն պատկանող տրակտորի կցորդիչի անիվը, ինչից անիվը պայթել է, ու անվահեծը դուրս է թռել ամրանի վրայից՝ հարվածելով Սլավիկ Ս.-ին:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է:
Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: