Գյուղը սպասում էր Զինվորի վերադարձին
Երեկվանից գրում են, որ ձնահյուսի տակ մնացած զինվորի զորացրվելուն երկու օր էր մնացել։ Այս մասին գրում է Հրապարակը։
Պատկերացրեք, թե հարազատներն ինչ սրտի տրոփյունով էին սպասում նրան։ Ժամերն անգամ հաշվում էր և՛ զինվորը, և՛ զինվորի ծնողները, հարազատները։ Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթապ համայնքից է։ Ունի քույր ու եղբայր։ Գյուղը սպասում էր Զինվորի վերադարձին։ 20 տարեկան էր, մասնագիտությամբ երաժիշտ։
Սա էլ ո՜ր հազարերորդ Զինվորի մահով արցունք է թափում մեր ժողովուրդը։ 44- օրյա պատերազմի սուգը չի ավարտվում։ Ուզում եմ հիշեցնել մեծն Պարոնյանի խոսքերը, որ ասում էր․ «Խեղճության վրա արտասուք թափելն ապացուցանել է, թե արյուն չունինք թափելու»։
Հիշեցնենք, որ Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:
Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։
Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։