48-ամյա Արփինե Շահբազյանը արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ կորցրել է ավագ որդուն, Արտյոմ Քոլանջյանին։
Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց․ «Ծյոմս դիջեյ էր, մականունը՝ SCIONIS, որ նշանակում է նոր սկիզբ, վերածնունդ։ Հենց մի նոր բան էր գրում, հերթով կանչում էր բոլորին ու ուզում էր հասկանար՝ ով ինչ լսեց»։
Պատերազմի լուրը լսելուն պես Արտյոմն անմիջապես հանել է ապրիլյան քառօրյա պատերազմից մնացած զինվորական համազգեստն ու ծառայությունից մնացած կոշիկները, լվանալ, արդուկել տվել դրանք, որ հագնի և որպես կամավոր գնա սահման։
Զինկոմիսարիատից զանգել էին, որպեսզի 14։00-ին ներկայանա։ Մայրը հիշում է, որ այդ օրը 13։00-ին արդեն այնտեղ է եղել, մինչև 20։00-ն սպասել են, սակայն Արտյոմի անունը չեն տվել։
Մեկնող ամեն խմբի հետ ավտոբուս է նստել, մի քանի անգամ իջեցրել են, այնուհետև ստիպել է, որ իր անունը գրիչով ավելացնեն, կարդան ու գնացել է։
Սկզբում նրան տարել են Լուսակերտ վերապատրաստման, իսկ մի քանի օր անց՝ հոկտեմբերի 15-ին՝ տեղափոխել Հադրութ, որի մասին, սակայն, տնեցիներն իմացել են միայն Արտյոմի զոհվելուց հետո. իր գտնվելու վայրը թաքցրել է, որպեսզի մայրն ու եղբայրը չանհանգստանան։ Լուսակերտում ընկերներ է ձեռք բերել, 6-ն են եղել, որոշել են միասին գնալ։
Հադրութ տեղափոխելիս մյուս 5-ի անունը եղել է ցուցակում, սակայն Արտյոմինը՝ ոչ։ Նորից ստիպել է, որ գրիչով ավելացնեն, որպեսզի ընկերների կողքին լինի։ Որդուց վերջին զանգն Արփինե Շահբազյանը ստացել է հոկտեմբերի 18-ին։
Ավելի վաղ ընտանիքով տարածք են ընտրել Երևանում, որպեսզի տուն կարողանան կառուցել, սակայն աշխատանքներն անընդհատ ձգձգվել են։ Զոհվելու օրն Արտյոմը ոչ թե ընտանիքի անդամներին է զանգել, այլ տունը կառուցողին ու ասել․ «Գևորգ, ես հետ չեմ գալու, մորս ու ախպորս անտուն չթողես»։ Տունն արդեն կառուցված է, Արտյոմի համար սենյակն առանձնացված, սակայն նա չկա։
Մանրամասները՝ Iravaban.net-ի տեսանյութում