Դավիթի ընկերոջ մոր ձայնն ականջիս մեջ է՝ պայթյուն է եղել, երեխեքը պայթել են
Hraparak.am-ը գրում է․ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետեւանքով, ըստ Արցախի ՆԳՆ տվյալների, մահացել է 220 մարդ։ 150 անձ անճանաչելի է եղել։ Այժմ այրված մասունքները Երեւանում են՝ դատաբժշկական փորձաքննության կենտրոնում, որտեղ անցկացվելու է նույնականացում՝ ԴՆԹ թեստի միջոցով։ Արցախի ՆԳՆ-ն, որպես պետական կառույց, օրենքով՝ պետք է աշխատի մինչեւ 2024 թ․ հունվարի 1-ը, սակայն փաստացի չի գործում։
Պայթյունի օրը պահեստի մոտ գտնվող մարդկանց հարազատներին տուժողի իրավահաջորդներ չեն ճանաչել։ Անհայտ կորածների հարազատների հետ որեւէ պետական մարմին կապ չի հաստատել։
Ասկերանի բնակիչներ Գարիկ Գրիշայի Պետրոսյանն ու նրա 18 տարեկան որդին՝ Դավիթը, անհետացել են բենզինի պայթյունից հետո։ Նրանց մայրը՝ Լիլիա Պետրոսյանը, առանց արցունքի չի կարողանում խոսել։ Նա ոչ մի տեղեկություն չունի՝ ոչ մեկը չի զանգել, ոչ մեկին հետաքրքիր չեն այդ մարդիկ։ «Տարան, գլուխները կերան, ոնց որ չեն էլ եղել նրանք։ Ես ոչ մի կարիք չունեմ։ Իմ ամուսնուն ու որդուն եմ մենակ ուզում»,- ասում է 49 տարեկան կինը։
Ասում է՝ մի քանի օրում անճանաչելի ծերացել է։ Պատմում է, որ սեպտեմբերի 25-ին ամուսինն ու որդին՝ Դավիթը, մի քանի անգամ գնացել, հերթ են կանգնել տարբեր լցակայաններում։ Նախօրեին Ասկերանի քաղաքապետարանը հաղորդել էր, որ բնակիչները հերթագրվեն։
«173, 174-րդ համարներն էին։ Առավոտ ժամը 10-ին ասեցին՝ բենզին կլինի, 10-ին չկար, ասեցին՝ 2-ին կլինի, 2-ին չկար, 2։40-ին եկան տուն, հաց կերան, իրանց հետ էր նաեւ Դավոյի ընկերը՝ նա մահացել է, մեր Սարիկը, նրան արդեն հուղարկավորել են։ Հետո հերթը տեղափոխեցին 5-ին։ Իրենք գնացին, որ էլի սպասեն բենզինի։ Պետք է բենզինը լցնեինք ավտոներն ու շարժվեինք։ Մի քիչ հետո ես զանգեցի, անջատեցին զանգերը, հետո անհասանելի էին։
Ընդհանրապես չի եղել, նույնիսկ պատերազմի ժամանակ, որ ես զանգեմ, նա հետ չզանգի։ Դավիթի ընկերոջ մոր ձայնն ականջիս մեջ է, ասեց՝ պայթյուն է եղել, երեխեքը պայթել են»,- պատմում է կինը։ Այդ օրվա խցանումները, կայծակն ու անձրեւը նրա գլխում են անընդհատ։
Նա մեղադրում է պետական մարմինների, քաղաքապետարանի ներկայացուցիչներին, որ նրանք եկել են Ասկերան, հայտարարել են՝ գնացեք պահեստ, ստեղ բենզին չի լինելու, եւ մարդիկ գնացել են։ «Այնտեղ ո՛չ ոստիկան կար, ո՛չ արտակարգ իրավիճակների մի աշխատող, որ ասի՝ ո՞նց ենք պատասխան տալու, էսքան մարդ հավաքում ենք պահեստի մոտ»։
Լիլիան, ով մասնագիտությամբ բուժքույր է, դստեր հետ ընկել է հիվանդանոցներով, հոսպիտալներով, անգամ մանկական հիվանդանոցում է փնտրել։ «Ցուցակները նայեցինք, ոչ մի ցուցակում իմ ամուսինն ու տղան չկային։ 26-ին գնացի մորգ, եղբորս կինը մտել ու նայել է, ասեց՝ ինչ որ տեսա, ո՛չ Գարիկը կա, ո՛չ Դավոն մեջները»։ Հիմա ընտանիքը սպասում է նույնականացման արդյունքներին։ Գարիկին ու Դավիթին տեսնողներ եղել են, բայց՝ պայթյունից առաջ։ «Երեխաս 2 օրվա ծառայող էր, պատերազմը սկսվեց։
Նրան ամենավատ պոստերը տարան՝ Քյաքուկ, Ասկերանի դեմն ա, չասեցին, որ երեխա ա։ Էդ անտեր կռիվը պրծավ, ուրախացա, ասեցի՝ երեխես եկավ։ Ո՞վ կիմանար, որ 2 լիտր բենզինի պատճառով․․․ Չեմ էլ ուզում ասեմ, սպասում եմ»։ Ընտանիքը տեղավորվել է Շահումյան գյուղում՝ Արտաշատից ոչ հեռու։ Լիլիան ասում է՝ իրեն ոչինչ պետք չէ, միայն որդու ու ամուսնու ողջությունը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում