Եթե ընտրության հարց է՝ թող երեխաս ապրի․ 20-ամյա ծննդկանի խոսքերը մահից առաջ

Եթե ընտրության հարց է՝ թող երեխաս ապրի․ 20-ամյա ծննդկանի խոսքերը մահից առաջ

Օգոստոսի 7-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում հղի կին է մահացել։ Oragir.News-ին հայտնի դարձավ, որ մահացածը Տավուշի մարզի Զորական գյուղի 20-ամյա բնակիչ Մարինե Պողոսյանն է։

Oragir.News-ի հետ զրույցում Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը նշեց, որ մահացածը շատ համեստ ու խելացի աղջիկ է եղել։

«Մարինեն մեր մոտ գնացել ա դասի, ավարտել ա 12-րդ դասարանը։ Հենց հիմա էլ իրանց ավարտականից նկարներ կան իմ սեղանին․շատ լավ հիշում ենք։

Շատ խելոք, համեստ, օրինակելի երեխա էր։ Հետո ամուսնացել ա Վարդենիս՝ Փոքր Մասրիկ գյուղ։ Իրանք ընդանրապես լավ էին իրար հետ։ Էս ընթացքում ոչ մի բողոք, ոչ մի խնդիր չի եղել։ Նորմալ, հարմարված ապրել են։ Հղիացել , ինչ-որ խնդիրներ ա էղել, տեղափոխել են Երևան, կեսարյան են արել»,- ասաց Զովականի վարչական ղեկավարը։

Մարտիրոսյանի խոսքով՝ նորածնին կեսարյան հատում անելով կարողացել են փրկել․ մայրն է ցանկացել, որ երեխան փրկվի։
«Ասել են, որ խնդիրներ ա ունեցել, հետո ինչ-որ հարց ա էղել էրեխուն հեռացնեն,որ ինքը փրկվեր։Ինքը ոնց որ չի համաձայնվել, ասել ա «իմ էրեխեն պիտի ծնվի»։

Ինքն էլ մտածել ա ժառանգ ունենա՝ ինքն էլ կփրկվի, էրեխեն էլ։Ու ռիսկի է դիմել ու էս դեպքը եղել ա։ Էրեխուն կեսարյանով փրկել են, հիմա բժիշկների հսկողություն տակ ա։ Մենք որ հարցուփորձ արեցինք, ասեցին ՝ էրեխու կյանքին վտանգ չի սպառնում։ Ուղղակի հսկողություն ա պետք, դե ժամանակից շուտ ա ծնվել։ Մարինեի առաջին երեխան ա։ Երեխան դեռ հիվանդանոցում ՝աղջիկ ա»,- նշեց նա։

Ըստ վարչական ղեկավարի՝ ինքն անձամբ գնացել է Փոքր Մասնիկ և մասնակցել է հուղարկավորությանը։
«Հուղարկավորությունը տեղի է ունեցել 4 օր առաջ։ Իրանց մեջ ոչ մի խոսակցություն չի էղել։ Մարդիկ են խոսում են, էս մի բժիշկը սենց արեց, էն մի բժիշկը նենց արեց։ Շատ դժվար ա համակերպվել էդ մտքի հետ 20,21 տարեկան էրեխա, բնականաբար մի մեղավոր պիտի փնտրեն։

Մենք ուզում էինք բերեինք մեր մոտ հուղարկավորեինք։ Ամուսինն ասեց, թողեք իմ մոտ մնա։Ես ստեղ եմ ապրում, իմ կինն ա։ Իմ էրեխուն ես պահելու եմ, մեծացնեմ։ Գերեզմանը թող մոտ կլինի։ Ամուսինն անտանելի վիճակում էր, ջահել տղա ա, երևի իրանից մի 3-4 տարով ա մեծ»,-եզրափակեց Զորականի վարչական ղեկավարը։