Ես եմ ստեղծել, ես էլ կթաղեմ․ Վարդան Ղուկասյանը՝ «Հանրային ձայն» կուսակցությունից իրեն հեռացնելու մասին
«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Դոգ» մականվամբ, ուղիղ եթերում հայտարարել է, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, այն կդադարի գոյություն ունենալ։
Ըստ Ղուկասյանի՝ հունվարի 19-ին կլինի կուսակցության ժողովը, որին պարտադիր է անդամների մասնակցությունը: Նա նաև հրավիրել է իր աջակիցներին, սակայն ընդգծել, որ մուտքը կլինի միայն անձնագրերով։
«Արտակ Գալստյանն այս պահի դրությամբ գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որտեղ արգելված է պահել հեռախոս։ Բայց մենք տեսնում ենք, որ Արտակ Գալստյանը շատ օպերատիվ նյութեր է տեղադրում, Վարդան Ղուկասյանին են հեռացնում, եսիմ ինչ են անում։ Վարդան Ղուկասյանը նոր չի, որ ունի ՌԴ քաղաքացիություն, ես երկքաղաքացի եմ, և կուսակցության հիմնադրման հիմքում եղել է Վարդան Ղուկասյանը, չի լինի Վարդան Ղուկասյանը, չի լինի «Հանրային ձայնը»»,- ասել է նա։
Ղուկասյանի պնդմամբ՝ իր լիազորությունները չեն կարող դադարեցնել կուսակցության կանոնադրությամբ։
««Հանրային ձայնը», եթե պետք եղավ, ես եմ ստեղծել, ես էլ կթաղեմ, շատ հանգիստ, և ինքնակոչը Վարդան Ղուկասյանը չի։ Կուսակցությունն ունի կենտրոնական մարմին՝ բաղկացած 29 հոգուց, մինիմում 17 հոգի պիտի հավաքվի, որպեսզի որոշում կայացնեն դադարեցնել ինչ-որ մեկի լիազորությունները։ Արտակ Գալստյանին հարց տվեք՝ դու 17 հոգի որտե՞ղ ես հավաքել, բերդո՞ւմ, ցույց տուր էդ 17 հոգու ստորագրությունը»,- նշել է նա։
Վերջինիս խոսքով՝ կուսակցության գերակշիռ մասը դիմել է իրեն և խնդրել գումարել համագումար, որ որոշեն՝ Արտակ Գալստյանի հետ են շարունակելո՞ւ, թե՞ Վարդան Ղուկասյանի։
Նա ընդգծել է, որ հունվարի 19-ին պարզ կլինի՝ կուսակցության անդամները մնում են իր, թե Արտակ Գալստյանի հետ։