Երբեք չեմ մոռանա Հայկոյի՝ ինձ տված խորհուրդը». Աստղիկ Սաֆարյան
Tert.am Life-ն այս անգամ զրուցել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանի հետ, ով այս պահին գտնվում է Իսպանիայում:
-Սկզբունք, որին երբեք չեք դավաճանի:
-Չդավաճանելու սկզբունքը: Առհասարակ այն, ինչ ինքս ինձ համար համարել եմ ու «օրենքել եմ» որպես սկզբունք, դրան միշտ հավատարիմ եմ ու չեմ դավաճանում ոչ մի պարագայում։
-Ի՞նչ կփոխեիք Ձեր արտաքինի մեջ:
-Մեզանից յուրաքանչյուրը հատուկ է յուրովի, այնպես ինչպես հատուկ ու չկրկնվող են մեր յուրաքանչյուրի մատնահետքերը։ Մենք պետք է մեզ ընդունենք այնպիսին, ինչպիսին որ կանք, քանի որ հենց դա է մեզ առանձնացնում մյուսներից։ Իհարկե, կարող ենք ձգտել ավելի լավը լինել, քան երեկ էինք։ Այդ պատճառով ոչ թե կուզենայի փոխել որևէ բան, այլ ավելի շատ տարիքի հետ կփորձեյի հնարավորինս պահպանել այն արտաքինը, որն ունեմ հիմա, որքանով որ դա հնարավոր կլինի բնականության սահմաններում։
Ինչպե՞ս եք վերաբերվում «ռաբիս» տղաներին:
-Քաղաքավարի, ինչպես որ բոլոր նրանց, ում հանդեմ չունեմ հատուկ վերաբերմունք։
-Ինչի՞ մասին եք երազում:
-Երազում եմ իրականացնել բոլոր ընթացիկ մեծ ու փոքր երազանքներս ճիշտ ժամանակին։
-Եթե ոչ երգչուհի, ապա ի՞նչ կդառնայիք:
-Բացի երգահան-երգչուհու մասնագիտությունից ես նաև 4-մագիստրական դիպլոմով տնտեսագետ եմ (որից 3-ն, ի դեպ, Եվրոպական որակավորման), ով իր երգչուհու կարիերայի ընթացքում նաև հիմնել և զբաղվել է իր ստեղծած ապրանքանիշի թե՛ տեսականու ողջ դիզայնով, թե՛ բրենդի վարմամբ, որին հետագայում գումարվեց նաև տարիների մեծ փորձս որպես պրոդյուսեր , ոճաբան և վերջերս էլ նաև հաղորդավարական ունակությունս։ Կարծում եմ, այս ամենը մեկ տեղում համատեղելը շատ ավելի բարդ է, քան հիմա ուղղակի անվանել մեկ մասնագիտություն, որ կընտրեի, եթե չլինեի երգչուհի։
– Ամենամեծ սուտը, որ լսել եք Ձեր մասին:
-Որ գոռոզ եմ: Ինձ չճանաչող մարդիկ երբեմն իմ խիստ տեսակը շփոթում են գոռոզության հետ։ Բայց, երբ առնչվում են ինձ հետ, խոստովանում են, որ սխալ էին։
– Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:
-Դա «պետական գաղտնիք է», իրականում շատ քիչ բաներ կան: Հիմնականում ես միշտ իմ հուների «փակագծերի» ներսում եմ։
-Ֆոբիաներ, վախեր ունե՞ք:
-Ֆոբիա ունեմ օձերից, անգամ հեռուստացույցով դիտելիս սարսուռ եմ ապրում ու վախենում։
-Ավելի շատ նեղանո՞ւմ եք, թե՞ նեղացնում:
-Ես երբեք չեմ նեղացնում դիմացինիս, այդ հարցում միշտ շատ զգույշ եմ փորձում լինել։ Բայց միշտ չէ, որ իմ դիմացիններն ինձ նման են վարվում, ու եթե այդ մարդիկ հակված են նեղանալու, ապա որքան էլ զգույշ լինես ու որքան էլ չուզես նեղացնել, միևնույն է, նրանք մի պատճառ կգտնեն դա անելու համար։ Կարևորը խղճի մաքրությունն է։
-Ձեր ամենասիրելի հայ երգիչը։
-Միշտ շատ բարձր եմ գնահատել Հայկոյի տեսակը, իր յուրահատուկ «Հայկոական» երաժշտական ոճը, ու իր ոճին անդավաճան մնալը միշտ ինձ համար լավ օրինակ է եղել իմ երաժշտական ոճի պահպանման հարցում։ Երբեք չեմ մոռանա նրա՝ ինձ տրված խորհուրդը, իմ առաջին ձայնասկավառակի շնորհանդեսի միջոցառման օրը, դեռ 2008 թ.-ին, երբ լսեց երգերս ու ինձ ասաց.
«Ամենակարևորը, որ դու արդեն առանձնանում ես քո ուրույն ոճով ու իմ խորհուրդը քեզ, Աստ ջան, ուրույն ոճդ միշտ կպահես, դու դրա դիվիդենտները հետո ես քաղելու, իմ սեփական փորձից եմ քեզ ասում»։ Այս ոսկի խոսքերը փաստորեն ուղեկցեցին ինձ իմ կարիերայի 18-տարիների ընթացքում, քանի որ այնքան համաձայն էի այդ խոսքերի հետ, որ կարողացա տարիներ շարունակ պահպանել իմ ուրույն ոճը մինչ օրս։
-Ի՞նչ է պետք Ձեզ երջանիկ լինելու համար:
Ընտրել երջանիկ լինել։ Ինչն էլ միշտ փորձում եմ անել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում