Երեխաս պահեց QR կոդի վրա ու ճչաց. 5-րդ դասարանի դասագիրքը բացում է Թուրքիայի դրոշը
Sputnik Արմենիան գրում է․ 5-րդ դասարանի Մայրենի առարկայի դասագրքի QR կոդերը, որը նախատեսված է երեխաների լրացուցիչ տեղեկության համար, թուրք հաքերների կողմից ջարդվել է, և շուրջ 24 ժամ Թուրքիայի դրոշն է եղել։
Այս մասին Sputnik Արմենիայի ահազանգում է 5-րդ դասարանի աշակերտուհու ծնողը` Լիանա Կարապետյանը։
Երեխան ընդհանուր դասը սերտելուց հետո որոշել է հավելյալ տեղեկություններ ստանալ QR կոդի միջոցով, սակայն սքան անելուց հետո ահաբեկվել է։
«Երեխաս ահաբեկված ճչաց, ասելով` մամ, թուրքերը Հայաստանում են, մեր դասագրքում փոփոխություն են արել։ Ինձ ֆանտաստիկայի ժանրում թվաց ասածը, ինքս հեռախոսը պահեցի QR կոդի վրա ու տեսա, որ բերում է թուրքական քարոզչություն»,–պատմեց Լիանան։
Բնականաբար իր համար հասկանալի է եղել` ինչ է իրականում կատարվում։ Սակայն նրա խոսքով, իրենից մեկ ժամ է պահանջվել վախեցած 10 տարեկան երեխային բացատրելու համար, որ դա իրականում հաքերային գրոհ և տեղեկատվական պատերազմի մի ձև է։
«Այս հարցը վայրկյան առաջ լուծման կարիք ունի։ Կրթական կայքերը և այն, ինչ վերաբերում է տեղեկատվությանը, որը ստանում են հատկապես երեխաները, պետք է գերհզոր միջոցներով պաշտպանված լինեն։
Լրացուցիչ միջոցներ են պետք, որ նմանատիպ երևույթների մեր երեխաները ականատես չլինեն։ Դա վստահեցնում եմ՝ կոնկրետ իմ երեխայի համար լուրջ սթրես է եղել»–նշեց ծնողը։
ԿԳՄՍ նախարարության հանրակրթական վարչությունից Թամարա Սարգսյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ խնդիրը ոչ թե QR–ի, այլ այն կայքի հետ էր, դեպի որտեղ տանում էր կոդը։
Խնդրի լուծման համար նրանք կապ են հաստատել կայքի պատասխանատուների հետ, և այժմ այն ժամանակավորապես փակվել է, մինչև կկարողանան հասանելիությունը վերականգնել։