Երկու եղբայր զոհվել են նույն օրը. Լույսերի մեջ մնաք
Pastinfo.am-ը գրում է․ Եռաբլուրում կողք-կողքի հուղարկավորված 21-ամյա Սամվելն ու 19-ամյա Արսենը եղբայրներ են, ծնունդով՝ Մարտակերտից։ Երկուսն էլ զոհվել են մարտական առաջադրանք կատարելիս՝ սեպտեմբերի 19-ին։
«Սամվելը երեք տարվա ծառայող էր, Արսենը հունվարին էր զորակոչվել։ Որոշեցին, որ պայմանագրային զինծառայություն պիտի անցնեն։ Սամվելը «Եղնիկներ» տեղափոխվեց, ասում էր՝ էստեղ ապահով է․ երեք կմ հեռու ենք թշնամուց․․․ Արսենին էլ պատերազմից երկու օր առաջ եմ իմացել, որ Ճանկաթաղ են տարել․ Դրմբոնում էր ծառայում։
Որ պատերազմն սկսվեց, խանութում էի, վազեցի տուն, համազգեստս հագա ու անմիջապես զորամաս գնացի։ Ոչ ինտերնետով, ոչ բջջայինով չէի կարողանում կապվել երեխեքիս հետ։ Ներքին կապով մի կերպ Սամվելին գտա․ ասաց՝ մամ, իմ տեղը լավ ա, մի անհանգստացիր, դու աշխատիր Արսենի հետ կապվել»,-«Փաստինֆո»-ին պատմում է տղաների մայրը՝ Ալլա Աբրահամյանը։
Զինծառայող էին ամբողջ ընտանիքով․ տիկին Ալլան 2006 թվականից է բանակում․ վերջում որպես կապավոր էր ծառայում։ Վերջին անգամ եղբոր հետ Սամվելն է խոսել՝ ադրբեջանական հարձակումից րոպեներ առաջ։ Որ Ճանկաթաղում բավականին թեժ մարտ է եղել, Ալլան գործընկերոջից է իմացել։ Ասել են, որ Ճանկաթաղը վերցրել են թուրքերը, իսկ որդին այնտեղ էր․․․
«Գիտեի, որ Արսենենց մոտ չի բռնում կապը, բայց անհանգիստ էի, քանի որ գիտեի՝ եթե տեղը շատ նեղ չլիներ, մի ձև կգտեր, կկապվեր․․․ Միևնույն ժամանակ, ինձ թվում էր, թե ինքն ինչ-որ կերպ դուրս կգա, սարերով-ձորերով լինի, կգա․ մենակ վախենում էի էն մտքից, որ կարող է թուրքերը տարած լինեն․․․
Սամվելը չի սիրում, որ զանգում եմ իրեն ներքին կապով, բայց այդ օրն այնքան հանգիստ էր խոսում, ոչ մի անգամ չասաց՝ մամ, էդքան մի զանգի․․․ Որ սկսեցի լացել, ասաց՝ մի լացիր, Արսենը կորչող տեսակ չի․․․ Մի քանի ժամ հետո Սամվելի հետ էլ կապը կտրվեց։
Երեկոյան ժամը 8-ի կողմերը կապ տվեցին, որ Սամվելենց զորամասի վրա ինքնաթիռներ են բարձրանում․ կապվեցի, ասացի՝ խնդրում եմ բալես, ուշադիր կլինես։ Դա մեր վերջին խոսակցությունն էր․․․ Հետո ինչքան զանգեցի, չկարողացա կապվել»,-պատմում է հերոսացած տղաների մայրը։ Ամսի 19-ի գիշերը տիկին Ալլան լուսացրել է՝ տղաներից զանգի սպասելով։
Սիրտը վատ բանն էր վկայում, ոտքերն էլ չէին ենթարկվում իրեն։ Զինակիցները փորձել էին հանգստացնել նրան՝ ասելով, թե կապի հանգույցն է վնասվել, դա է պատճառը, որ Սամվելի հետ ևս կապվել չի հաջողվում ու վտահեցրել են, որ իր հետ ամեն ինչ նորմալ է։
Ժամերը գլորվում էին, իսկ տղաներից ոչ մի լուր չկար․ ամսի 20-ի կեսօրից հետո զորամասում մարդ չէր մնացել համարյա․ նորակոչիկներն էին ու տիկին Ալլան։
Սամվելից որևէ լուր իմանալու վերջին հույսը շտաբի պետն էր։ «Մտա մոտն ասացի՝ խնդրում եմ, Սամվելիս գումարտակի հրամանատարից մի լուր իմացեք էլի Սամվելիցս, ախր կապի դուրս չի գալիս։ Ասաց՝ լավ։ Սպասեցի, սպասեցի զանգ չկար։
Անցավ 15 րոպե, 20 րոպե, կես ժամ․․․ Հետո հասկացա, թե ինչու էր խուսափում խոսել հետս․ իմացել էր, որ Սամվելս զոհվել է»,- վերլուծելով կատարվածը՝ եզրակացնում է մայրը։ Ինքը՝ տիկին Ալլան, ավագ որդու զոհվելու լուրը հաջորդ օրն առավոտյան է իմացել։ «Մայրս լացելով եկավ թե՝ Սամվելենց մոտից վիրավորներ են բերել, գուցե ինքն էլ է մեջները։
Արագ դուրս եկա տնից ու պատի տակից լսեցի քրոջս լացի ձայնը․․․ Պարզվեց, որ դիակներ էին բերել․ գնացի դիահերձարան, առաջին երկու ցուցակներում չգտնելով որդուս անունը՝ ուրախացա, երրորդում Սամվելիս անունն էլ կար․․․»,-հազիվ լսելի ձայնով արտաբերում է տիկին Ալլան։ Արդեն 3-րդ օրն էր, որ լույս չկար․ դիահերձարանը չէր աշխատում․ արյան հոտը Մարտակերտի հիվանդանոցի բակից էր զգացվում։
Ոչ դագաղ կար արդեն, ոչ էլ փայտ, որ սարքեն։ Տղաներին որոշել էին հենց այնպես հողին հանձնել։ Ալլան իմանալով այդ որոշման մասին՝ պահանջում է՝ ինչ գնով էլ լինի, որդու մարմինը հասցնել Երևան՝ Եռաբլուր։
Երբ վստահեցնում են, որ Սամվելի դիակը տեղափոխվելու է, Արցախում չի մնալու, մայրը շարունակում է Արսենին փնտրել։ Արսենին ողջ գտնելու հույսի նշույլ մոր մոտ դեռ կար․ ուզում էր հավատալ հրաշքին․ մտածում էր՝ մեկ օրում երկու որդի ու Հայրենիք կորցնելն անհավանական ու չափազանց դաժան կլիներ։
Բայց ծանրագույնն էր սպասվում․ սեպտեմբերի 27-ի առավոտյան ԱԻՆ-ի աշխատակիցները գտնում են նաև Արսենի մարմինը․․․ Այդ ժամանակ տիկին Ալլան՝ ծնողների հետ, արդեն Ստեփանակերտում էր՝ 8-րդ դպրոցում։
Քաղաքում գրեթե մարդ չկար, իսկ ինքը դռնեդուռ ընկած՝ տարբեր գերատեսչություններից խնդրում էր մտնել Ճանկաթաղի ուղղությամբ ու փնտրել Արսենին։
Ինչ-որ մեկն ամսի 25-ի վաղ առավոտյան զանգել ու իրեն ասել էր, թե Սամվելը ոտքից վիրավոր էր, բայց հանել չեն կարողացել․ այդ անծանոթ համարից զանգը նրան մտքերի մեջ էր գցել․ մտածում էր՝ եթե իրոք վիրավոր է ոտքից, ուրեմն հույս կա, որ ողջ կլինի։ Արսենի հետ նաև դեղատուփ էր դրել։
Բայց, ավաղ, դա էլ իրականությանը չէր համապատասխանում։ Դիահերձարանում է պարզվել, որ Արսենը ոչ թե ոտքից, այլ՝ սրտի կողմից էր վիրավորվել։ Արսենի մարմինը մի քանի օր դիահերձարաններում չէին գտնում․ հոկտեմբերի 6-ին մայրն ու քեռին հագուստից ճանաչում են նրան։ Հոկտեմբերի 9-ին երկու եղբայրները հուղարկավորվում են Եռաբլուր զինվորական պանթեոնում։
«Ոչ Սամվելիս, ոչ էլ Արսենիս հրամանատարական կազմից ոչ մեկը չէր եկել հուղարկավորությանը․․․ Բոլորը պիտի պատասխան տան, որ չեն գնացել զինվորների հետևից, որ նրանց դեռ չգտած՝ թողել ու դուրս են եկել Արցախից․․․ Ինչո՞ւ պիտի ԱԻՆ-ը գտնի մեր տղաներին։ Հրամանատարը ոչ մի դեպքում չպիտի լքի զինվորին, պարտավոր է մինչև վերջ նրա կողքին լինել»,-ցավով ավելացնում է տիկին Ալլան։