Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում՝ «Կարաս» թոնրատան հետնամասում գտնվող զբոսայգում, կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Միքայել Գարակյանն ու Ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:Տարածքը, որտեղ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կրակված 3 պարկուճ, սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Քուռոյանն ու պարեկ Արամ Տոնոյանը:
Ե. Նիկոյանի հանձնարարականով, Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հիվանդանոցներում պարզում են՝ արդյոք նշված կրակոցների հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ չկան:
Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Երջանիկ Գևորգյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում