Երևանում տղամարդը ցած է ընկել 5-րդ հարկից խաղողի վազերի վրա
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում մոտ 30 տարեկան տղամարդը ընկած է խաղողի վազերի վրա:
Մինչ կժամանեին փրկարարները, պարեկներն ու ոստիկանները, քաղաքացիները իրենց ուժերով խաղողի վազի վրայից իջեցրել են տուժածին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություննն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 5-րդ հարկից վայր է ընկել, սակայն կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա փորձել է ինքնասպան լինել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունն ու բնակության վայրը: