Թենիսի կորտերի տարածքը տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը
«GreenRock Management Group» ընկերությունը, որը դիմել է Երևանի քաղաքապետարան Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում կառուցապատում իրականացնելու համար, պատկանում է ամիսներ առաջ Երևանին 254 մլն ՀՀ դրամ նվիրաբերած Evocabank-ի անվանական բաժնետոմսերի 100%-ի և թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի բաժնետեր Մարետա Գևորկյանին։
Այս մասին Factor.am-ը տեղեկանում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրից և Evocabank-ի պաշտոնական տեղեկագրից, որտեղ նաև նշված է, որ Մարետա Գևորկյանը Շվեյցարիայի մշտական բնակիչ է, բայց ունի նաև ՀՀ քաղաքացիություն։
Եթե 1950-ականներից գործող «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերի մասնավոր տարածքը ճանաչվի հանրային գերակա շահ, ապա «GreenRock Management Group» ընկերությունն այդտեղ կառուցապատում կիրականացնի՝ առանց մրցույթի։
Ուշագրավ է, որ այս գործարքը տեղի է ունենալու Մարետա Գևորկյանի կողմից Երևանին խոշոր գումար նվիրաբերելուց հետո։ Ի դեպ, Evocabank-ը այդ գումարը փոխանցել էր, որպեսզի վերանորոգվեր համայնքին պատկանող Բագրատունյաց պողոտա 48/1 հասցեում գտնվող շենքը։