Դավիթը ծնվել է 2001թ․-ի մայիսի 8-ին քաղաք Էջմիածնում։ Ժպտուն աչքերով տղան սիրելի էր բոլորի կողմից։ Դավիթը իր անունի իրական կրողն էր, հպարտ էր, ուժեղ ու անվախ։
Դավիթի մասին մեզ պատմել է սիրած աղջիկը՝ Անի Կարապետյանը։ Անին ու Դավիթը միմյանց ճանաչել են 2 տարուց ավելի։ Դավիթի մասին անցյալով չի խոսում։ Ասում է՝ սպասում ու հավատում եմ, որ նա կա ու դեռ գալու է։
Նրանց պատահական ծանոթությունը ճակատագրական եղավ, միմյանց ճանաչել են իրենց ընդհանուր ընկերոջ շնորհիվ․ «Շատ պատահական մինչև ծառայության գնալը մի քանի անգամ դրսում եմ տեսել իրեն, եթե անկեղծ ասեմ, հենց սկզբից, չգիտեմ էլ թե ինչու, նյարդայինացնում էր, բայց ինքն ասում է՝ ինձ շատ էր սիրել հենց սկզբից»։
Պատահական հանդիպումներից ամիսներ անց, մինչև Դավիթի բանակ զորակոչվելը, մի քանի անգամ առիթ եղել է շփվելու․ «Ծառայության անցնելուց հետո սկսեցինք պարբերաբար խոսել»։
Անին փաստում է ՝ Դավիթն իր հոգու ընկերն է եղել, հենց դրա համար ամեն անգամ, երբ խոսել է իր զգացմունքներից, աղջիկը նրբանկատորեն փակել է թեման՝ ասելով, թե մենք ընկերներ ենք։
«Դավիթը միշտ ինձ համար իդեալ է եղել ամեն առումով, ես ամպագոռգոռ բառեր չեմ ասելու իր մասին, մարդիկ անթերի չեն լինում, բայց, երբ մարդուն սիրում ես, ոչ մի թերություն աչքիդ չի երևում։ Իմ հերոսը աշխարի ամենահավատարիմ ու բարի մարդն է։ Նա ամենավատ դրության մեջ եղած մարդուն էլ օգնում էր։ Բոլոր կռիվների կիզակետում էր, կապ չունի, դա անձնապես իրեն վերաբերվում էր, թե՝ ոչ։ Շատ հաճախ նյարդային էր, բայց երբեք անտեղի չէր նեղացնի ոչ ոքի»։
Դավիթը ուրախության հոմանիշն էր, որտեղ նա էր, ծիծաղն ու խինդն անպակաս էին։ Տղայի հետ կապված հիշողությունները շատ են, և, ինչպես Անին է ասում, դրանք բոլորը մեկը մեկից լավն են ու ամբողջ կյանքի համար։
Դավիթի մայրը՝ տիկին Ռուզաննան Անիին վերջերս է պատմել, թե ինչպես է իրեն Դավիթը ներկայացրել մորը․ «2020-ի փետրվար ամսին, երբ պարկած է եղել հոսպիտալում, իր մամային պատմել էր, թե մի աղջիկ կա, շատ եմ հավանում, սիրահարվել եմ։ Ռուզան քուրիկը հարցրել է՝ ով է տղես, ասել է՝ մամ տարիքով ինձանից մեծ է 3 տարի ու թմբլ, բայց էնքան լավն է։ Իրա մաման ասել է՝ այ բալես, ո՞նց կլինի համ տարիքով մեծ, համ թմբլ, ասել է՝ մամա, որ դու պապայից մեծ ես 3 տարի, ի՞նչ է եղել, թմբլն էլ՝ կնիհարացնեմ, կարևորը լավն է»։
2019թ․-ի հուլիսի 13-ին Դավիթը զոհակոչվեց բանակ։ Սկզբից ծառայում էր Հոկտեմբերյանում, որոշ ժամանակ անց ծառայությունը շարունակել է Կուբաթլույում, Մեղրի Ագարակ զորամասում։ Հակատանկիստ Դավիթը սեպտեմբերի 27-ից կռվել է Ջրականում (Ջաբրայիլ)։
Պատերազմի օրերին Անիի հետ խոսել են, երբեք ոչ մի տագնապ չի զգացել Դավիթի ձայնի մեջ․ «Ամսի 5-ին թևից և ոտքից վիրավորում էր ստացել, ինքն իրեն վիրակապել էր հենց դիրքերում, շատ խնդրեցի, որ իջնի, բայց անիմաստ էր իրեն համոզել։ Ասեց՝ ընկերներիս մենակ չեմ թողնի։ Իմ Դավիթը չի նահանջել, կռվել է իրական հերոսի պես։ Ես գիտեմ, որ նա երբեք չի թուլանում, եթե մի բան մտքին դնում է, մինչև վերջ անում է։ Ինձ համար իր հերոս լինելը նորություն չէ»։
Հոկտեմբերի 2-ին Դավիթին չխանգարեց պատերազմը մեկ անգամ ևս Անիին ասելու, որ սիրում է իրեն։ Հոկտեմբերի 9-ը ճակատագրական էր․«Ամսի 9-ին վիճեցինք, ասում էր՝ մատանի եմ ուղարկելու ընկերոջս հետ, ես էլ ասում էի՝ սպասի կգաս, այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի․․․ »։
Զինակիցները պատմում են, որ Դավիթը զոհվել է հենց հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։
Անին մերժում է բոլոր այն իրողությունները, որոնք վերաբերվում են Դավիթի մահվանը։ Ասում է ՝ հավատում եմ, որ նա կա ․․․
«Ես հիմա ապրում եմ, որ ապրեցնեմ իրեն, հուլիսի 13-ին իմ Դավիթը ինձ համար եկել է։ Ինքը չէր սիրում, որ ես տխրում էի, ես ժպտալով ապրելու եմ ու սպասեմ մեր հանդիպմանը։ Նա ամենալավն է, ում երբևէ ես ճանաչել եմ: Եթե հնարավոր լինել նորից ծնվել, կցանկանայի, որ հենց ինքը լիներ իմ կողքին։ Ես սիրում եմ իրեն ու անսահման հպարտ եմ իրենով։ Գիտե՞ս՝ շատերը մտածում են, թե ցավից գժվել եմ, բայց մեկ է, մենք հանդիպելու ենք․․․ »։
Նյութը՝ journalist.am-ից