Բոլոր ծնողներին ծանոթ է այն իրավիճակը , երբ երեխայի ջերմությունը բարձրանում է եւ շատ դժվար է լինում այն իջեցնել: Իսկ բարձր ջերմությունը վտանգավոր է ցնցումների հավանականության պատճառով, որոնք բժշկական պրակտիկայում անվանում են ֆեբրիլ ցնցումներ: Այն մասին, թե ինչպե՞ս պետք է պահեն իրենց ծնողները նման իրավիճակում NEWS.am Medicine-ին պատմեց մանկաբույժ Արուսյակ Խաչատրյանը:
«Շատ կարեւոր է հաշվի առնել այն հանգամանքը, առկա են արդյոք երեխայի մոտ այլ ֆոնային հիվանդություններ»,- նշեց բժիշկը: Ըստ նրա, եթե երեխան առողջ է, եւ ջերմությունը հանկարծակի է բարձրացել, ապա սովորական միջոցառումներ պետք է ձեռնարկել: Երեխային պետք չէ տաք հագցնել, նա չպետք է շոգի, հակառակը նրան պետք է ազատել ավելորդ հագուստից, սենյակի ջերմաստիճանը պետք է չգերազանցի 20-22 աստիճանը: Պարտադիր են գոլ (ո՛չ սառ, ո՛չ տաք) ջրով շփումները:
Սառը ջուրը սկզբից շատ լավ իջեցնում է ջերմությունը, բայց ավելի ուշ կարող է շատ բարձր ջերմության պատճառ դառնալ: Պետք է տրորել երեխայի մեջքը, վերջույթները եւ որովայնը: «Ջրի ջերմաստիճանը պետք է երկու աստիճանով ցածր լինի երեխայի մարմնի ջերմաստիճանից»,- նշեց մանկաբույժը, ավելացնելով, որ եթե այս միջոցները չեն օգնում, ապա երեխային պետք է դեղ տալ:
«Դեղերը կարող են լինել ինչպես ներքին ընդունման, այնպես էլ մոմիկների տեսքով։ Պարացետամոլ կամ իբուպրոֆեն մանկաբույժները խորհուրդ են տալիս բոլոր ծնողներին, իսկ որպես ջերմիջեցնող լրացուցիչ միջոց կարելի է օգտագործել «Դիկլոֆենակի» մոմիկներ», – ասաց նա։
Մանկաբույժը դրա հետ մեկտեղ նշեց, որ այս դեղամիջոցները չի կարելի չարաշահել: Խոսքը գնում է ինչպես միանգամյա դեղաչափի, այնպես էլ նշանակման հաճախության մասին, եւ պետք է հստակ հետեւել դեղի ընդունման ինտերվալներին, քանի որ դրանք պոտենցիալ թունավոր հատկություն ունեն:
Եթե երեխայի մոտ ցնցում է սկսվում, ապա նրան պետք է կողքի պառկացնել (նշանակություն չունի՝ աջ թե ձախ), որպեսզի երեխան շնչահեղձ չլինի։ Եթե դա երեխայի առաջին ցնցումն է, անհապաղ պետք է բժշկական օգնության դիմել։ Եթե դա կրկնվող նոպաներ են, երեխայի հետանցքի մեջ հատուկ լուծույթ են լցնում, որը նախօրոք նշանակում է նյարդաբանը։ Եթե դա էլ չի օգնում, երեխային պետք է անհապաղ հիվանդանոց տեղափոխել։
«Չի կարելի ֆիբրիլ ցնցման ժամանակ մատները մտցնել երեխայի բերանը, դրա պատճառով ծնողները շատ հաճախ վնասում են փոքրիկի բերանի խոռոչը», – ասաց բժիշկը։ Ըստ նրա, ամենակարեւորն է, որ ծնոտը ներս չընկնի ու չփակի շնչուղիները։ Իսկ դա կարող է տեղի ունենալ, եթե երեխային թողնել մեջքի վրա պառկած՝ այդ ժամանակ օդը չի թափանցի կոկորդ։ Այն ցնցումները, որոնք հմարավոր չէ դադարեցնել, անվանում են չարորակ կամ սպիտակ տենդ։
Այս դեպքում կարող է օգնել միայն մասնագետը՝ հատուկ ներարկումներ կատարելով։ «Այդ ներարկումները չի կարելի կատարել տնային պայմաններում», – ասաց բժիշկը, հավելելով, որ պետք է կամ շտապօգնություն կանչել կամ էլ սեփական ուժերով երեխային հասցնել հիվանդանոց։
«Ինչ վերաբերվում է հնուց եկած ջերմիջեցնող մեթոդներին՝ սպիրտով կամ քացախով շփումներին, ապա դրանք կարող են երեխայի մոտ մաշկի գրգռում առաջացնել, քանի որ հիմա մանկիկների մոտ ալերգիան շատ տարածված է», – նշեց Խաչատրյանը ու ավելացրեց, որ ամենափոքրիկների մոտ սպիրտը կարող է նաեւ ջրազրկում առաջացնել։ Եթե երեխայի ջերմությունը համառորեն չի իջնում, ապա դա կարող է լուրջ հիվանդության նշան լինել (օրինակ, թոքաբորբի), եւ նրան անպայման պետք է ցույց տալ մասնագետի։