Ինչ ընթացակարգով է ընտրվելու Երևանի քաղաքապետը
Hraparak.am-ը գրում է․ Երեւան քաղաքի ավագանու հերթական ընտրություններից հետո, երբ հայտնի են ընտրված 5 քաղաքական ուժերն ու նրանց մանդատների նախնական բաշխվածությունը, հաջորդ քայլը քաղաքապետի ընտրությունն է, որը կիրականացվի «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։
Ըստ այդմ, քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում, որը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Հիշեցնենք, որ նախորդ ավագանին լիազորությունները ստանձնել է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին, ենթադրվում է, որ նորընտիր ավագանու առաջին նիստը կգումարվի նույն օրը՝ հոկտեմբերի 10-ին։
Մինչեւ քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը: Առաջին նիստն անընդհատ է՝ բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչեւ համայնքի ղեկավարի ընտրությունը: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
Ըստ Օրենքի՝ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Տվյալ դեպքում, ըստ ընտրության նախնական արդյունքների, առաջադրված կուսակցություններից ոչ մեկը 50 տոկոսից ավելին չի ստացել, հետեւաբար օրենքի ուժով ընտրված քաղաքապետ չկա եւ ավագանին պետք է ընտրի։
Մի կարեւոր հանգամանք՝ համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով:
Օրենքը սահմանում է հնարավոր երկու տարբերակ․ երբ առաջադրվել է մեկ թեկնածու, եւ երբ առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ։ Թեկնածու առաջադրելու իրավունք ունեն ավագանու բոլոր խմբակցությունները։
Այսպիսով, մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելին պետք է լինեն դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի՝ ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից: Երեւանի ավագանին ունի 65 անդամ, այսինքն՝ անհրաժեշտ է, որ այդ մեկ թեկնածուն ստանա նվազագույնը 27 կողմ ձայն եւ միաժամանակ դեմ ձայների թիվը չգերազանցի ստացած կողմ ձայների քանակը։
Եթե առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն՝ նվազագույնը 33 ձայն: Չընտրվելու դեպքում՝ երկրորդ, ապա՝ լրացուցիչ փուլ է սահմանվում։
Եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:
Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:
Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որի ժամանակ քվեաթերթիկում ընդգրկվում են միայն հավասար ձայներ ստացած անձանց: Եթե լրացուցիչ քվեարկության արդյունքում դարձյալ ձայները հավասար են լինում, առավելությունը տրվում է տարիքով ավագին:
Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:
Իսկ եթե առաջին նիստը գումարելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրվում է մեկ թեկնածու, որը չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը՝ նույն որոշման հետ միաժամանակ նշանակելով ավագանու արտահերթ ընտրություններ:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:
Դրանից բացի, քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
Հիշեցնենք, որ Երեւանի ընտրությունների արդյունքում ավագանի են անցել ՔՊ-ն, «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազգային առաջընթացը», որի ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը, «Հանրային ձայնը» եւ «Մայր Հայաստան» դաշինքը։