Իրանը բարձրացրել է վրեժի կարմիր դրոշը․ ինչ է այն նշանակում
Իրանում կարմիր դրոշ է բարձրացվել շիաների սրբազան Կում քաղաքի Ջամքարան մզկիթի վրա՝ հայտնում է Fars գործակալությունը։
Այն հայտնվել է մզկիթի գմբեթին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, նույն դրոշը բարձրացվել է 2020 թվականին` Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո:
Շիա ավանդույթի համաձայն` կարմիր դրոշները խորհրդանշում են և՛ անարդարացիորեն թափված արյունը, և՛ սպանվածի վրեժը լուծելու կոչը։
Չորեքշաբթի Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում տեղի են ունեցել պայթյուններ Սուլեյմանիի մահվան չորրորդ տարելիցի հիշատակին նվիրված արարողության ժամանակ: IRNA գործակալության տվյալով՝ ահաբեկչության հետևանքով մահացել է 89 մարդ, որոնցից 12-ը՝ մինչև 15 տարեկան երեխաներ, ընդհանուր առմամբ տուժել է 284 մարդ։
Պայթյունները, ինչպես նշում է իրանական մեկ այլ գործակալություն՝ Tasnim-ը, իրականացվել են հեռակա կարգով. պայթուցիկներով երկու պայուսակ գտնվել է Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։
Իրանի Անվտանգության և իրավապահ մարմինների հարցերով ներքին գործերի փոխնախարար Սեյեդ Մաջիդ Միրահմադին հայտնել է, որ պայթյուններն իրականացրել է երկու մահապարտ ահաբեկիչ: Նրանցից մեկը եղել է Տաջիկստանի քաղաքացի, երկրորդի ինքնությունը դեռ պարզ չէ, ձերբակալվել են պայթյուններին մասնակից մի շարք անձինք: