Սեպտեմբերի 19-ի առավոտյան պաշարված Արցախում ամեն մեկը զբաղված էր իր գործով, 66-ամյա Մելսիկ Բաղդասարյանն էլ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում այդ օրը զբաղված էր բերքահավաքով, գյուղում ընկույզ հավաքելու սեզոն էր։
Վանքի բնակիչներն ասում են՝ պատերազմը հենց իրենց գյուղից է սկսվել։ Թշնամին դեռ արցախյան առաջին ազատամարտից աչք ուներ այս ծաղկուն գյուղի ու Գանձասարի վանական համալիրի վրա։
2020-ից հետո՝ Քարվաճառն Ադրբեջանին հանձնելուց հետո, Նարեշտարի բարձունքներում թշնամական զորքն էր, Մելսիկի որդին՝ Արսեն Բաղդասարյանն էլ դիրքերում։ Նրա դուստրը՝ Զարինեն, MediaHub-ին պատմեց, որ իր հայրը գյուղի առաջին զոհն է եղել։
«Անտառից ընկույզ բերելուց հետո ճաշել ենք, որ հետո անցնենք մյուս գործերին։ Երբ լսվեցին առաջին պայթյունների ձայները, հասկացանք, պատերազմ էր։ Պապան վեր թռավ տեղից, ու կարճ ճանապարհով փորձեց հասնել զորամասի տարածք, որ ներքին կապով խոսի Արսենի հետ։ Կրակոցների ձայները չէին դադարում։ Անվտանգության նկատառումներից ելնելով մենք երեխաների հետ իջել ենք ապաստարան։
Մի քանի րոպե հետո դիրքերից արկերը տեղափոխվեցին գյուղ ու այնքան մոտ էին լսվում ձայները, որ գլուխներս անգամ չէինք կարողանում դուրս հանել։ Երեխաները լեղաճաք էին լինում, սարսափելի օր էր»,- հիշում է Զարինեն։
Մեր զրուցակցի խոսքով, իրենք անգամ չեն մտածել, որ հայրն արդեն չկա, որովհետև չեն մտածել, որ թշնամին կհրետակոծի նույնիսկ քաղաքացիական բնակավայրերը։
«Գյուղի փողոցներից մեկով անցնելիս, նկատել է մարդկանց, ովքեր շվարած կանգնած են եղել ու մտածում էին հետագա անելիքի մասին։ Մոտեցել է նրանց, ու այդ ժամանակ հրթիռի մեկ արկ ուղիղ ընկել է բնակելի տներից մեկի վրա, ինչի հետևանքով բեկորային վնասվածներ են ստացել 4 հոգի, այդ թվում՝ 2 կին ու 1 անչափահաս երեխա։ Հայրս ու նրա հետ ևս մի անչափահաս երեխա տեղում մահացել են։ Դա մեր կյանքի ամենադաժան օրն էր»,- ասում է Զարինեն, ափսոսանքով նշելով, որ հոր գերեզմանը մնաց Արցախում, սեփական տան բակում։
Սեպտեմբերի 19-ից 20-ն իրավիճակն այնքան է կտրուկ փոխվել, որ խոսակցություններ են տարածվել, որ ադրբեջանցիներն արդեն Գանձասարի վանքի մոտ են։ Մելսիկի դիակը Ստեփանակերտի դիահերձարան տեղափոխելն անհնար էր, քանի որ Խաչենագետի կամուրջն իրենց վերահսկողության տակ էր։
«Գյուղը տարհանելու անհրաժեշտություն կար։ Տվեցին մի քանի րոպե ժամանակ արագ պատրաստվելու, գնալու։ Հորս դիակը մեր տանն էր, իսկ պատերազմի ձայները շարունակ լսվում ու ժամ առ ժամ ավելի էին մոտենում։ Իմ ու քրոջս ամուսինները մեզ ուղարկեցին գյուղից, տղամարդկանցով հորս հուղարկավորեցին մեր այգում, որովհետև այլ տարբերակ չկար։ Ո՞վ կմտածեր, որ տարհանումը կլինի ճակատագրական ու այլևս գյուղ վերադառնալու, հորս գերեզմանին այցելելու հնարավորություն չենք ունենա»,- ասում է նա։
Մելսիկ Բաղդասարյանի ընտանիքի անդամները, 3 զավակներն ու 8 թոռները փարատվում են միայն այն ճշմարտությունից, որ նա այնքան շատ էր սիրում Արցախը, որի ազատագրության համար անգամ 60 անց տարիքում է պայքարել, որ արժանացել է այդ հողին ու մնացել հայրենի Վանքում։