«Լաստիվեր Ռեզորթ»-ում հայտնաբերվել է ՌԴ 31-ամյա կնոջ դին

«Լաստիվեր Ռեզորթ»-ում հայտնաբերվել է ՌԴ 31-ամյա կնոջ դին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Լաստիվեր Ռեզորթ» հյուրանոցային համալիրի համարներից մեկում կնոջ դի կա։

Տեղում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Գարիկ Գ․-ն, ով աշխատում է «Լաստիվեր ռեզորթ»-ում, որպես տեղեկատու, հայտնել է, որ Վ. Լուգովսկայան հունիսի 26-ին իրենց մոտ հանգստանալու նպատակով զբաղեցրել է թիվ 101 համարի հանգստյան սենյակը, իսկ հունիսի 27-ին դռան վրա փակցրել է իրեն չանհանգստացնելու մասին ցուցանակ, որից հետո հունիսի 28-ին ժամը 22։00-ի սահմաններում տեսնելով, որ վերջինս սենյակից դեռևս դուրս չի եկել անհանգստացել են, բացել են սենյակի դուռը և անկողնում մահացած վիճակում հայտնաբերել են Վ. Լուգովսկայի դին։

Ժամանած ոստիկաններն ու քննիչները սենյակի աղբարկղի մեջ հայտնաբերել են 3 հատ «Կետիլեպտ» տեսակի դեղահաբի դատարկ թերթ՝ յուրաքանչյուրը նախատեսված 60 հատ հաբի համար:

Դեպքի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։