Խոշոր ավտովթար Աբովյան քաղաքում․ կա 7 վիրավոր

Խոշոր ավտովթար Աբովյան քաղաքում․ կա 7 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 08:30-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Ռուսաստանի և Բարեկամության փողոցների խաչմերուկում, բախվել են Honda և Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Honda-ն բախվել է ճանապարհին տեղադրված ցուցանակի բետոնե հատվածին, կոտրել այն, ապա բախվել ծառին և կողաշրջվել:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարները:

 Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, ոտեղից ժամանել է  քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: