Կաթնամթերքի չարաշահումը կարող է մղձավանջներ առաջացնել.

Գիտնականները հայտնաբարել են, որ կաթնամթերքի չափից շատ օգտագործումը կարող է փչացնել ձեր քունը։

Հետազոտողները հարցում են անցկացրել ավելի քան 1000 ուսանողների շրջանում՝ նրանց քնի որակի, սննդային սովորությունների և այդ երկուսի միջև առկա ցանկացած կապի վերաբերյալ, և մղձավանջների և լակտոզայի անտանելիության միջև ուժեղ կապ են հայտնաբերել՝ հնարավոր է՝ այն պատճառով, որ գիշերը գազերը կամ ստամոքսի ցավն ազդում են մարդկանց երազների վրա։

«Մղձավանջների ծանրությունը սերտորեն կապված է լակտոզայի անհանդուրժողականության և այլ սննդային ալերգիաների հետ,- ասել է Մոնրեալի համալսարանի դոկտոր Թորե Նիլսենը, որը Frontiers in Psychology բժշկագիտական  հանդեսում հրապարակված հոդվածի գլխավոր հեղինակն է։ -Այս նոր արդյունքները ենթադրում են, որ սննդի նկատմամբ զգայունություն ունեցող մարդկանց սննդային սովորությունների փոփոխությունը կարող է օգնել թեթևացնել մղձավանջները: Դրանք կարող են նաև բացատրել, թե ինչու են մարդիկ այդքան հաճախ վատ երազների համար մեղադրում կաթնամթերքին»։ Ուսումնասիրության համար հետազոտողները հարցում են անցկացրել Մաքյուեն համալսարանի 1082 ուսանողների շրջանում։ Նրանք հարցեր են տվել քնի ժամանակի և որակի, երազների և մղձավանջների, ինչպես նաև տարբեր տեսակի երազների և տարբեր սննդամթերքների միջև ընկալվող կապի մասին։

Գիտնականները հարցրել են նաև մասնակիցների մտավոր և ֆիզիկական առողջության, ինչպես նաև սննդի նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին։ Հարցվածների մոտ մեկ երրորդը հայտնել է, որ պարբերաբար մղձավանջներ են տեսնում։ Կանայք ավելի հակված էին հիշել իրենց երազները և բողոքել վատ քնից ու մղձավանջներից, և գրեթե երկու անգամ ավելի հակված էին, քան տղամարդիկ, բողոքել սննդային անհանդուրժողականությունից կամ ալերգիայից։

Մասնակիցների մոտ 40%-ը նշել է, որ կարծում են, որ ուշ ժամերին ուտելը կամ որոշակի սնունդ ուտելը ազդում է իրենց քնի վրա։ Մոտ 25%-ը ենթադրում էր, որ որոշակի սննդամթերքներ ի վիճակի են վատթարացնել քունը։ Մարդիկ, ովքեր նվազ առողջարար սնունդ էին ուտում, ավելի հակված էին բացասական երազներ տեսնելուն և ավելի քիչ հակված էին դրանք հիշելուն։

Գիտափորձի մասնակիցների մեծ մասը, որը վատ քնի պատճառ է համարում սնունդը, առանձնապես նշել է քաղցրավենիքը, կծու սնունդը կամ կաթնամթերքը։ Հարցվածների միայն համեմատաբար փոքր մասն է՝ 5,5%-ն է կարծում, որ իրենց կերածն ազդում է իրենց երազների բնույթի վրա, սակայն նրանցից շատերը նշել են, որ քաղցրավենիքը կամ կաթնամթերքը իրենց երազները ավելի տագնապալից կամ տարօրինակ են դարձնում։

Երբ հետազոտության հեղինակները համեմատել են սննդային անտանելիության մասին հաղորդագրությունները վատ երազների և վատ քնի մասին հաղորդագրությունների հետ, նրանք պարզեցին, որ լակտոզայի անտանելիությունը կապված է ստամոքս-աղիքային ախտանիշների, մղձավանջների և քնի վատ որակի հետ։ Հնարավոր է, որ կաթնամթերքի օգտագործումն ստամոքս-աղիքային խանգարումներ է առաջացնում, և արդյունքում ծագող անհարմարությունն ազդում է մարդկանց երազների և հանգստի որակի վրա։