Կներես աշխարհին, որ իր անտարբերության պատճառով դու լույս դարձար

Արմանի 19-ամյակը 2020-ի հոկտեմբերի 14-ին էր լրացել, ծառայության մեջ, երբ արդեն 10 ամսվա զինվոր էր: Հայրը` Ռուդիկ Կարապետյանը, ֆեյսբուքով շնորհավորել էր որդուն, մաղթել անփորձանք ծառայություն, առողջություն եւ աստծուց խնդրել պահապան լինել իր զինվոր-որդուն եւ մեր բոլոր զինվորներին…

Բայց պատերազմն արդեն սկսվել էր, բայց թուրքը սեպտեմբերի 27-ին արդեն լայնածավալ հարձակում էր գործել, եւ լուսավոր, կենսախինդ, ընկերասեր այս պատանին արդեն ընկել էր պատերազմի հենց առաջին օրը, առաջին ժամերին… Արման Կարապետյանը սիսիանցի առաջին նահատակն էր, որ հետո, շատ հետո միայն պարզվեց, երբ պատերազմն արդեն կասեցվել էր…

Վեց ամիս ծառայել է Գյումրու զորամսում: Այնպիսի բնավորություն ուներ, որ անհնար էր նրան չսիրել: Ծառայակից ընկերներն առաջարկել են մկրտրվել, Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանի որդին` Հովհաննեսը ցանկություն է հայտնել խաչքավոր կանգնել:

Մկրտությունը կատարվել է Յոթ Վերք եկեղեցում… Մայրը պատմում է, որ Արմանի հուղարկավորությանը ներկա են եղել նաեւ Գյումրու ընկերները, Սյունիքի նախկին մարզպետն իր երկու որդիների հետ… Հավանաբար մխիթարանք է, սփոփանք է…

Արմանը… Կարապետյան Արմանը: Սիրում էր Սիսիանը, Սիսիանում` հրապարակը, հրապարակում էլ ամենասիրած վայրը ցայտաղբյուրներն էին, ամենաշտ սիրում էր կանգնել այնտեղ եւ զննել շուրջը… Շատերն էլ Արմանին հենց այդպես են հիշում` հրապարակի ցայտաղբյուրների մոտ կանգնող տղան… Արմանը… Կենսասեր, ընկերասեր, աշխույժ, երբեմն` չարաճճի, բայց ոչ` վնասարար, նվիրվող, հասնող, ոչ մեկի խոսքը գետնին չգցող Արմանը, ում սիրում էին բոլորը եւ անուն-ազգանունով դիմում` այլոց հետ չշփոթելու համար:

Չնայած` շփոթվող կերպար չէր, էնքան վառ էր ու էնքան անհատական… Արմանին սիրում էին ոչ միայն ընկերները, այլեւ` ընկերուհիները: Որքան ցավ ու ափսոսանք, որքան մխացող-ծխացող վիշտ կա նրանցից մեկի` Լուսինե Եղիազարյանի` Արմանի զոհվելու մասին լուրն առնելուց հետո կատարված գրառման մեջ…  «Պատերազմում հաղթողներ չկան։ Մենք պարտվում ենք այն պահից սկսած, երբ կորցնում ենք հարազատի:

Ես պարտվել եմ էս պատերազմում, որովհետև կորցրել եմ քեզ։ Ես պարտվել եմ էս կյանքում, որովհետև կորցրել եմ մաքուր ու անկեղծ ընկեր, անհնարին թվացող ընկերություն։ Պարտվել եմ քեզ, քանի որ ասել եմ, որ վերադառնալու ես:

Դու չես մահացել, դու կաս ու ապրում ես մեր մեջ։ Ասում են՝ մարդ մահանում է այն ժամանակ, երբ մոռանում են նրա մասին։ Քեզ մոռանալ չի լինի…Կներես աշխարհին, որ իր անտարբերության պատճառով դու լույս դարձար։ Ներիր ու պահապան հրեշտակի պես հսկիր, որ քեզ նման լույս մարդիկ չարժանանան քո ճակատագրին։ Ներիր ու պահապան հրեշտակի պես հսկիր, որ ոչ մի մայր չարժանանա հերոսածին մորդ բախտին: