Կորցրել եմ ամեն ինչ․ հայրենիք, 3 տուն, գործ, ընկերներ, հարազատներ, բայց չեմ կորցրել ապրելու ցանկությունս. Լյոկա
Արցախցի երգիչ Լյոկան (Վալերի Ղազարյան) ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեղեկությամբ, որ ժամանակավորապես դադարեցրել են հագուստի արտադրությունը և ներկայացրել թե ինչերի միջով են անցել արտադրամաս ունենալու երազանքին հասնելու համար։
«Երկար չեմ պատմի, թե ինչերի միջով անցանք՝ արտադրամաս ունենալու երազանքին հասնելու համար:
Երկար տարիներ մտածել ու գծել եմ, 2020-ից հետո այս գաղափարի շուրջ հավաքվեցին ընկերներս, հավաքվեց մի ուժեղ թիմ ու մենք սկսեցինք գնալ մեր երազանքի հետևից:
Երևանում արդեն գործող արտադրամասը տեղափոխեցինք Արցախի սիրտ՝ Ստեփանակերտ:
Որոշեցի, որ ես՝ որպես Արցախցի, եթե ինչ որ բանի հասնեմ այս կյանքում, դա պետք է անեմ Արցախում:
Թիմը մի քանի անգամ մեծացրեցինք, ավելացրեցինք սարքավորումները, նոր մոդելների վրա սկսեցինք աշխատել, նոր համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցինք Իրանի ու Ուզբեկստանի գործընկերների հետ, կարծես թե ամեն ինչ լավ էր, բայց սկսվեց բլոկադան:
Ես չեմ պատմի՝ ինչ գնով մենք հասանք այդ երազանքին, կոպեկ-կոպեկ հավաքելով, թե գիշեր-ցերեկ չքնելով, շատ ծանր ու դժվար էր, բայց մենք հասանք:
Մենք կորցրինք մեր հայրենիքը՝ Արցախը:
Ես կորցրեցի իմ տունը՝ արդեն 3-րդ անգամ, տան հետ կորցրեցի նաև արտադրամասը:
Ես կորցրել եմ ամեն ինչ․ 3 տուն, հայրենիք, գործ, ընկերներ, հարազատներ, բայց չեմ կորցրել հույսս, հավատս ու ապրելու ցանկությունս:
Խաղաղություն մեր ազգին, մնացածը մենք կստեղծենք»։