Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան
Panorama.am-ը գրում է․ Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հայորդիներից մեկն էլ Սասուն Մկրտչյանն է, որը գիտակցված մահով գնաց անմահություն:
Հայրենասիրությունը նրա մեջ էր, նա մեկն էր այն երիտասարդներից, որ հայրենիքի մասին բարձրագոչ ճառեր չէր ասում, այլ լռելյայն իր գործն էր անում:
Այսօր Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է, նա կդառնար 28 տարեկան:
1989 թվականի հունիսի 10-ին Պռոշյան փողոցի տներից մեկում քեֆ-ուրախություն էր: Սասունցիների ընտանիքում տղա էր ծնվել, որին պետք է Սասուն կոչեին:
Մայրը՝ Նարինե Կիրակոսյանը շատ լավ է հիշում երկրորդ զավակի ծնունդը: Թեև բոլորն ասում էին՝ նորից աղջիկ է ունենալու, բայց ինքը զգացել է՝ տղա է լինելու:
«Հիվանդանոց գնալուց առաջ երեխայի անկողինը կապույտ գույնով պատրաստեցի` վստահ լինելով, որ որդի եմ ունենալու: Այդպես էլ եղավ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է հերոսի մայրը:
Սասունցիների ընտանիքում տղայի ծնունդը մեծ շուքով են դիմավորել: Տիկին Նարինեի խոսքերով, աղջկա անունը՝ Անի, ինքն էր ընտրել, բայց սկեսուրին ասել է՝ որդուն անունն ինքը դնի: Սասունցի տատը ուրիշ անուն չէր կարող ընտրել, թոռան անունը պետք է Սասուն լիներ:
Համակերպվող, աշխույժ, բայց խելոք երեխա էր Սասունը: Տիկին Նարինեն նշում է, որ որդին միշտ ժպտում էր, հիմա այդպես թոռը՝ փոքրիկ Սասունն է ժպտում:
10 տարեկանից զբաղվել է Մուայ թայ սպորտաձևով: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և պարգևատրվել տարբեր մեդալներով ու պատվոգրերով: Վերջին տարիներին Սասունը ֆեդերացիայի անդամ էր, ինչպես նաև մրցավար և մեկնաբան:
Սասուն Մկրտչյանը սովորել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում, աշխատել է ՀՀ վերաքննիչ դատարանում՝ որպես կարգադրիչ: Հետո 2011-2014 թթ ծառայել է Խաղաղապահ զորքերում:
2014 թվականից ծառայության է անցել Հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ:
Տիկին Նարինեն պատմում է՝ իրենք միշտ դեմ են եղել, որ միակ որդին վտանգավոր ճանապարհ է ընտրել, սակայն ոչինչ անել չեն կարողացել.
«Համոզում էի, ասում էի՝ փոխի աշխատանքդ, մարդիկ մեկ-երկու տարի չեն ուզում ծառայել, բայց դու կյանքդ կապել ես էդ սար ու քարի հետ: Ասում էր՝ մամ, դու չես հասկանում»: