Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Սիրելի ընկերներ, հետևորդներ,
Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես երբեւէ մեծամիտ ու գոռոզ պահվածքով աչքի չեմ ընկել։ Նաեւ կյանքում ինչ-որ դրվագով թույլ չեմ տվել, որ իմ բարոյականությունը որեւէ մեկը կասկածի տակ դնի։
Վերջին ամիսներին իմ անվան շուրջ ինչ-որ անբարոյական տարրեր լկտի սուտ են հորինել եւ ջանասիրաբար տարածում են՝ փորձելով վնասել իմ եւ իմ կողմից շատ հարգված ընկերոջ ընտանիքների անդորրը։
Այսօր ես համեստություն չեմ անի եւ կաշխատեմ հնարավորին չափ զուսպ արձագանքել այս ամենին։
Վերջին տարիներին զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ՝ աշխատանքի մեջ եղել եմ խստապահանջ եւ չդավաճանելով իմ սկզբունքներին՝ վարել եմ կոշտ կադրային քաղաքականություն, ինչի արդյունքում թե՛ մարզպետարանում եւ նրա ենթակա կառույցներում, թե՛ համայնքապետարանում եղել են բազմաթիվ «չարդարացնող» կադրերի ազատումներ։
Երկու տարի առաջ Վեդի համայնքում տարած հաղթանակից առաջ եւ հետո բազմաթիվ դրվագներով փորձել են իմ կողմից ձեւավորած թիմի ներսում ճաքեր առաջացնել, որը, հուրախություն մեզ, այդ տարրերին չի հաջողվել, քանի որ մեր թիմը ամուր է, նրանում եղած մարդիկ սկզբունքային անհատականություններ են, իրենց անունն ու կերպարն էլ միայն հարգանքի է արժանի։
Ավելացնեմ նաեւ, որ Վեդի համայնքում մեր քաղաքական թիմի կողմից տրված խոստումները օր առաջ կյանքի կոչելու փաստը նույնպես հանգիստ չի տալիս որոշակի շրջանակների։
Այսպիսով, վերը թվարկածս հանգամանքներով պայմանավորված՝ ինչ-որ «обиженник» լածիրակ կամ անբարոյականների խումբ փորձում է լկտի սուտ տարածելով՝ արատավորել իմ եւ իմ ընկերների բարի համբավը։
Սկզբում ես ասացի, որ այսօր համեստություն չեմ անի։ Եվ ուրեմն, այդ լկտի սուտը հորինողին եւ ջանասիրաբար տարածողներին խորհուրդ եմ տալիս՝ իմ կերպարով դաստիարակեք ձեր երեխաներին, եթե ուզում եք, որ նրանք բարոյական մարդիկ մեծանան եւ չընդօրինակեն ձեզ։
Հեռո՛ւ մնացեք իմ և ինձ հարազատ մարդկանց ընտանիքներից։ Հաջորդ անգամ երկար կմտածեք՝ մինչ ձեր կեղտոտ բերանը բացելը, այլապես մի օր «полит» կլինեք եւ շատ անհարմար վիճակում կհայտնվեք։ Իսկ ձեզ եւ ձեր նման ստորաքարշ արարածներին հղում եմ ամենաթարմ, ճոխ եւ խտացված հայհոյանքները։ Աստծո դատաստանից չե’ք փախչի»,- գրելէ նա: