ՀՀ-ի հետ սահմանի պահպանումը մեր կարմիր գիծն է․ Իրանը զգուշացրել է Բաքվին
Hraparak.am-ը գրում է․ Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալը «Հայաթ» վերլուծական կայքին տված զրույցում ասել է.
«Հայաստանի հետ սահմանի պահպանումն ու Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը Իրանի կարմիր գիծն է, սակայն, ցավոք, Ադրբեջանը Սիոնիստական ռեժիմի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համագործակցությամբ ձգտում է փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը»։
Այդ մասին գրում է parstoday-ը։ Շահրիար Հեյդարին ասել է.
«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությունը Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերից մեկն է, և մենք չենք ընդունում մեր ընդհանուր սահմանների որևէ փոփոխություն հարևան Հայաստանի Հանրապետության հետ, որը շատ լավ հարևան է և հեռավոր անցյալից միշտ խաղաղ հարաբերություններ ենք ունեցել այս երկրի հետ»:
Հեյդարին նշել է՝ ավելի լավ է Ադրբեջանը այնպիսի քայլեր չձեռնարկի, որոնք լարվածություն կառաջացնեն տարածաշրջանում:
Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահը հավաստիացրել է.
«Անհրաժեշտության դեպքում Իրանը ևս կդիմի ռազմական ուժին՝ նման բան կանխելու համար, սակայն մեր խորհուրդն է Ադրբեջանին, որ ավելի լավ է Հայաստանի հետ իր խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես հայտնել է իր պատրաստակամությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդ հանդիսանալու կապակցությամբ»:
Նա նշել է, որ լավագույն ճանապարհը դիվանագիտությունն է, եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի Իրանի սահմանների մերձակայքում՝ Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի ներկայությանը համահունչ, Իրանն անպայման կարձագանքի։