Հյուսիսային պողոտայում առևանգել են ոստիկանական մեքենա և դրանով «Կինոհայրենիքի» խաչմերուկում վթարի ենթարկվել

shamshyan.com-ը գրում է,այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում դեռևս չճշտված անձը Հյուսիսային պողոտայում առևանգել է ոստիկանության համարանիշներով ու տարբերանշանով «Samand» մակնիշի ավտոմեքենան, ապա վթարի ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առևանգողը ոստիկանական ավտոմեքենայով, ժողովրդին հայտնի «Կինոհայրենիքի» խաչմերուկում բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, ապա առաջ ընթացել, ավտոմեքենան թողել ճանապարհի երթևեկելի գոտում և դիմել փախուստի: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ: 

Պարեկները սահմանազատել են տարածքը: 

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի, օրվա պատասխանատու հերթապահ քննիչի և քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վթարված «Volkswagen»-ի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված ոստիկանական ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնի պահպանության բաժնի հաշվեկշռում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։