Մահացածները մայր և որդի էին․ վերադառնում էին հարսանիքից․ մանրամասներ՝ ողբերգական ավտովթարից
Երեկ ուշ երեկոյան Սպիտակ-Գյումրի ճանապարհին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով ուղևորներից երկուսը մահացել էին:
Hraparak.am-ի տեղեկություններով՝ մահացածները մայր եւ որդի են: Տուժածների հարազատներից Hraparak.am-ին պատմեցին, որ ավտոմեքենայում եղել են նաև մահացածի կինը, երկու որդիները, որոնք բարեբախտաբար փրկվել են:
Ընտանիքը Շիրակի մարզի Ազատան համայնքից է, ընտանիքի հայրը՝ ավտովթարի 45-ամյա զոհը համայնքի անասնաբույժն էր, որին բոլորն էին հարգում ու սիրում, որդիներից մեկն այս պահին ծառայության մեջ է, հարազատների խոսքերով՝ սպասում են նրան, որպեսզի կարողանա գալ եւ վերջին հրաժեշտը տա տատիկին եւ հորը:
Մեզ պատմեցին նաև, որ դեպքի օրը ընտանիքը հարսանիքի է մասնակցել, ավելին՝ հարսանքավորներ են եղել, եւ հաշվի առնելով, որ հնարավոր է վերադարձին փոքր-ինչ գինովցած լինեն, նախապես տաքսի են պատվիրել, եւ ըստ վերջին տվյալների վարորդի վիճակը բավականին ծանր է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 01։36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ քաղաքի ալրաղացի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ֆ. Ա.-ն (ծնված 1980 թ.), Հ. Մ.-ն (ծնված 2013 թ.) և Ս. Մ.-ն (ծնված 2006 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ֆ. Ա.-ի և Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս․ Մ.-ն և Ջ․Ս.-ն տեղափոխվել են Գյումրու ԲԿ:
Փրկարարները Ս. Մ.-ին (ծնված 1953 թ.) և Ջ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ Ա. Մ.-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել պարեկային ծառայության աշխատակիցների ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Ա. Մ.-ի և Ս. Մ.-ի մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։