Մասիս քաղաքում բախվել են ոստիկանական 06-ն ու Opel-ը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Մասիս քաղաքի հանրապետության փողոցում՝ Մասիսի բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են Opel և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Բախման հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները:
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու է վթարի մեղավորը:
Մինչդեռ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վթարի մեղավորը 06-ն է եղել, քանի որ Opel-ը անցել է կանաչ լույսի տակով, իսկ 06-ը պետք է չմտներ ու վթարային իրավիճակ չստեղծեր, ու վթարի վայրի հարևանությամբ էլ կան տեսախցիկներ, և Մասիսի ոստիկանները, եթե ցանկություն ունենան, տեսախցիկները կստուգեն և կտեսնեն՝ իրականում ով է վթարի մեղավորը:
Մինչդեռ պարեկները, որ իրենց իրավասության մեջ չի մտնում պարզել մեղավոր ու անմեղ, արդեն դեպքի վայրում փորձում են «վթարը գցել Opel-ի վարորդի գրպանը»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 06-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մասիսի բաժնի պահպանության հաշվեկշռում:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: