Մարդիկ ամռանը սխալ են լվանում մազերը. գիտնականները պատմել են թաքնված վտանգի մասին

Աշխարհում մարդկանց մեծ մասը մազերը լվանում է շաբաթական մեկ կամ մի քանի անգամ՝ անկախ սեզոնից։ Սակայն փորձագետներն ասում են, որ մազերի լվացման այդպիսի ռեժիմը բոլորովին հարմար չէ ամռան համար։

AXA Heath Insurance-ի գլխավոր բժշկի տեղակալ, բժիշկ Պալլավի Բրեդշոուն ասում է, որ ամռանը՝ ուժեղ շոգի ժամանակ, անհրաժեշտ է մազերն ամեն օր լվանալ։ Շատերին դա կարող է ավելորդ թվալ, սակայն փորձագետն ընդգծում է, որ դա չափազանց կարևոր է մեր առողջական վիճակի համար, գրում է Daily Mail-ը։

Բանն այն է, որ ամռանը կտրուկ աճում է ծաղկափոշու մակարդակը, որը կարող է ուժեղ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, գրում է Ֆոկուս-ը։ «Ծաղկափոշին կարող է նստել և կպչել ոչ միայն մեր հագուստին, այլև մնալ մեր մարմնի և մազերի վրա։ Ուստի խոտատենդով տառապողները պետք է ցնցուղ ընդունեն, մանրակրկիտ լվանան գլուխը և փոխեն հագուստն ամեն անգամ փողոցից վերադառնալիս»,- ասում է Բրեդշոուն։

Խոտատենդով տառապող մարդկանց մեծ մասը գիտի, որ ամռանը պետք է հակահիստամինային դեղամիջոցներ պաշարել և սրացման դեպքում մնալ տանը։ Բայց ոչ բոլորը գիտեն, որ նման «ծաղկափոշու ռումբերի» ժամանակ ամենալավը գլուխն ամեն օր լվանալն է։

«Ցնցուղ ընդունելը կնվազեցնի հետագա գրգռման ռիսկը և կարող է նվազագույնի հասցնել ախտանշանների ծանրությունը։ Ավելի լավ է գոլ ցնցուղ ընդունել, քան տաք, որպեսզի խուսափեք մաշկի չորությունից, ինչպես նաև օգտագործել հիպոալերգենային շամպուններ և օճառ»,- հավելում է փորձագետը։

Այս խորհուրդը հաջորդում է մեկ այլ փորձագետի հանձնարարականին, որը խորհուրդ էր տվել ուժեղ շոգի ժամանակ լվացքն ու հագուստը դրսում չչորացնել։

«Ծաղկափոշու բարձր կոնցենտրացիայով օրերին հագուստը, անկողնային սպիտակեղենը կամ սրբիչները դրսում կախելը աչքերի քորի և քթի փակվածության երաշխիք է։ Թաց լվացքը գործում է սպունգի պես՝ ներծծելով ողջ ծաղկափոշին։ Այն նստում է մանրաթելերի մեջ և կպչում գործվածքին չորանալիս, այսինքն՝ հայտնվում է ձեր անկողնում, պահարանում և մաշկի վրա»,- ասում է Daily Poppins-ի հիմնադիր Նայջել Բիրմանը։

Նա խորհուրդ է տալիս լվացքը չորացնել փակ տարածքում, ցանկալի է պատուհանի մոտ կամ լավ օդափոխվող վայրում։ Նաև փոքր տարածքներում կարելի է օգտագործել ծալովի չորանոցներ։