Շուշիից, ապա Ստեփանակերտից բռնի տեղահանված 33 տարեկան Քրիստինե Շահգելդյանը օգնության կարիք ունի: Ամեն ինչ կորցրած կինը, ով Արցախում հաց էր թխում, այսօր ապրում է Մասիսում, որտեղ եւս սկսել է զբաղվել իր սիրելի աշխատանքով: Այս մասին գրում է Forrights.am-ը։
Հացի այն արտադրամասում, որտեղ Քրիստինան այժմ վարձակալում է, անհրաժեշտ պարագաներ եւ տեխնիկա է պակասում, որոնք անհրաժեշտ են հացի արտադրամասը լիարժեք գործածելու եւ այդպիսով սեփական ընտանիքի կարիքները հոգալու համար:
«15 թվականից հաց, խմորեղեն եմ թխել: Նայելով եմ սովորել, որտեղ աշխատել` սովորել եմ: Ինձ առաջ նպատակ էի դրել մի օր հացի փուռ ունենալ: Երրորդ անգամ եմ փորձում իմ փուռն աշխատացնել: Շուշիում, Ստեփանակերտում, հիմա էլ Մասիսում: Փորձում ենք զրոյից սկսել»,- պատմում է երիտասարդ կինը:
Քրիստինեն հիշում է Արցախի շրջափակման ամիսները եւ այն պատասխանատվությունը, որը այդ ամիսներին կրում էին մի կերպ աշխատող հացթուխները.
«Շրջափակման ամիսները շատ դժվար էին ժողովրդի համար, մանավանդ հացի հարցում: Ալյուր չկար, եգիպտացորենի ալյուրից հաց էինք թխում, օրվա մեջ մեկ մարդու հասնում էր 200 գրամ հաց, դա էլ կտրոններով: Գիշերվա մեկից հերթեր էին կանգնում մարդիկ, որ առավոտվա համար հաց վերցնեն:
Դա էլ մարդկանց կեսին էր հասնում: Շատ վատ վիճակ էր, սովը մի կողմից, թանկությունը` մյուս: Բոլորիս համար է շատ դժվար եղել… Ես հացից բացի նաեւ այլ բաներ էի սարքում: Բլոկադայի ժամանակ կարտոֆիլ գտնելը շատ դժվար էր: մի կերպ գտնում էի, կարկանդակներ էի թխում դպրոցի համար… Հոգեբանօրեն էլ էր դժվար: Մարդիկ տեղին-անտեղին խոսում էին:
Ասում էին, թե մեկը բարեկամ է, նրան տվեցինք եւ այլն: Բայց այդպես չի եղել: Տալոնով էինք աշխատում: Տալոնը հանում էինք, ալյուրը աշխատում, այսինքն չէինք էլ կարող որեէ այլ բան անել: Բայց մարդիկ խոսում էին, անեծքի տակ էինք ընկնում»:
Կնոջ խոսքով, մանավանդ վերջին շրջանում մարդկանց մեջ լարվածությունը շատ էր, գնալով աճում էր եւ ամեն փոքր բան ծանր խոսակցության էր բերում. «Գիշերները աշխատում էինք, ցերեկը վաճառում էինք հացը:
Ամբողջ գիշեր հաց էինք թխում, առավոտյա հասցնում էինք մոտ երեք ժամ աշխատեինք, երեք ժամից հետո հաց չէր լինում: Մարդկանց պետք է նուրբ մոտեցում ցույց տաինք: Խնդրանքով էինք խոսում խնդրում էինք մի քանի րոպե սպասել: Ամենածանր օրը եղել է սեպտեմբերի 17-ը:
Ամսի 16-17-ին ընդհանրապես ալյուր չկար: Շատ ծանր էր վիճակը: Վերջին օրը ալյուր բաժանեցին, սպիտակ ալյուր: Վերջին անգամ չէինք էլ հիշում, թե երբ էինք տեսել: 100 դրամով բաժանեցինք մարդկանց, ու դա էր, վերջին հաց թխելն էր: Մարդիկ այդ օրը սպիտակ հացը կերան, պատերազմը սկսվեց… Այդ օրը գործի էի, երեխաների համար կարկանդակներ էի թխում, մի 150 հատ թխել էի արդեն:
Ձայներ լսեցի, չէի պատկերացնում որ նորից պատերազմ է սկսվել: Զանգեցի տուն, տանը չէր, պարզվեց, որ նրան արդեն կանչել են: Մայրս զինծառայող է: Եղբայրս էլ ոստիկանության ծառայող է, նրա հետ խոսացի, ասեց` պատերազմ է, բայց մի վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու… թե ինչ կատարվեց հետո` բոլորը գիտեն»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում