Արցախյան վերջին պատերազմում արիաբար կռված ու նահատակված տղաներից մեկն էլ Տիգրան Ավետիսյանն է։
Մարտակերտի Վանք գյուղի հարակից դիրքերից մեկում, որտեղ պատերազմից երկու օր հանգամանքների բերումով հայտնվել էր Տիգրանը, պատերազմական գործողությունների դադարից հետո գտնված մեծ քանակությամբ կրակված փամփուշտները Տիգրանի մղած կռվի մասին շատ բան էին պատմում․․․
«Տիգրանիս մարմինը որ գտել են, ПК-ն էր մոտը ու էնքա՜ն պարկուճ․․․ Երեխես մինչև վերջին փամփուշտը կռվել ա․․․ Դեմքի վրա էլ մի գիծ անգամ չկար․ մեջքից ու գլխի հետևի մասից էին խփել․․․ Անցել են թիկունք, շրջափակել, որ կարողացել են դիրքը վերցնել ադրբեջանցիները։ Տիգրանը մեն-մենակ պաշտպանություն ա իրականացրել»,- «Փաստինֆո»-ին պատմում է մայրը՝ Ադելինա Ավետիսյանը։
Մոր համոզմամբ՝ Տիգրանը դիրքում մենակ էր մնացել․ երբ կռիվը թեժացել է, մյուսները թողել՝ դուրս էին եկել։ 21-ամյա Տիգրանը նաև իր մշտական անձնակազմի հետ չէր այդ օրը․ պատերազմից երեք օր առաջ կողքի դիրք էր բարձրացել, քանի որ այդ դիրքի դիրքապահներից մեկը վատառողջ էր, նրան էր փոխարինում։
«Իրեն ընդհանրապես արգելված էր առաջին գիծ գնալը, քանի որ չորրորդ աստիճանի վարիկոզ ուներ, բայց այդ օրը երևի, ցանկանալով օգնել, աջակցել զինակցին՝ ինքն էր բարձրացել նրա փոխարեն․․․
Նման բաներ լինում էին, քանի որ 44-օրյայից հետո, երբ Հայաստանի ԶՈՒ-ից զինծառայող չկար արդեն, շատ էին քչացել տղերքը․․․ Այնքան քիչ էին, որ հերթափոխ էլ երբեմն չէին անում։ Նրա հիմնական կազմի տղաներից մեկը Տիգրանի հուղարկավորությունից մի քանի օր անց ասաց, որ որդիս վիրավոր էր, փամփուշտ էր ուզել նաև, բայց չեն կարողացել օգնության հասնել նրան, քանի որ, իբր, մառախուղ էր, տեղը չէին գտնում․․․ Դե, արդեն հասկանալի է, թե ինչն ինչոց էր իրականում»,-ասում է տիկին Ադելինան։
Տիգրանը պաշտում էր Արցախը։ 44-օրյա պատերազմի 13-րդ օրը ծանր վիրավորվել էր, տեղափոխվել Գորիս՝ այնտեղից էլ Երևան։ Ապաքինվելուց հետո, առանց հարազատներին տեղյակ պահելու, երեք տարվա պայմանագիր է կապել ՊԲ-ի հետ ու նորից անցել ծառայության։
«Ինքը երբեք չհամակերպվեց ընկերոջ՝ Լևոնի կորստի հետ, ով զոհվեց 44-օրյայում։ Պատերազմի ավարտից հետո Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անգամ շեշտեց՝ Լևոնի գաղափարը պետք է շարունակենք ու ավարտին հասցնենք նրա սկսածը։ Չհամակերպվեց, վրեժի ծարավ ուներ․․․»,-նկատում է մայրը։
Սեպտեմբերի 17-ին 21-ամյա Տիգրանը ծնողների հետ խոսելիս ասել էր, որ ահագին կուտակումներ կան, 100-ավորների մասին է խոսքը և դա իրենք տեսնում են։ Հաջորդ օրը մորը նորից ասել է, որ հաստատ մի բան լինելու է․ ճշտող հարցին՝ պատերա՞զմ, պատասխանել է՝ այո, բայց չվախենաս։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում