Եկեղեցականի վեղարով հանդես եկող ստահակը և իր աջակիցները որոշել էին ՀՀ-ում տեռորիզմի միջոցով իշխանություն զավթել:
Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում հրապարակած տեսանյութում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ըստ պատգամավորի՝ «իշխանության զավթման» համար պետք է օգտագործվեին մի քանի գործիքներ՝ մոտ 500 հոգանոց ձևական փողոցային շարժում, մետաղական աստղիկների միջոցով պատահական մարդկանց մեքենաների ակերի ծակում, Ոստիկանության, Կառավարության շենքերի վրա հրարձակող միջոցներով կրակի բացում, առանձին խմբեր էլ՝ մինչև մի քանի հարյուր հոգուց բաղկացած, պետք է հաշվեհարդար տեսնեին իշխանության ներկայացուցիչների հետ:
ՀՀ ամբողջ տարածքում պետք է անջատվեր համացանցը, իսկ պետական կառույցներում՝ էլեկտրաէներգիան, և հասնելով ինչ-որ մի իրավիճակի՝ պետք է ներգրավվեին «ջարդարար խմբեր», որոնց կազմում, ըստ պատգամավորի, լինելու էին նաև ղարաբաղցիներ. նրանք պետք է «ջարդեին, սպանեին, մեռցնեին մարդկանց», և այս ընթացքում էլ պետք է լիներ իշխանափոխություն:
«Հիմա կգնաք ու արևի լույսը ճաղավանդակների հետևից կտեսնեք, ճաղավանդակային «զագառ» կընդունեք տարիներ շարունակ: Կիմանաք, թե ինչ է նշանակում տեռորիզմ բերել Հայաստանի քաղաքական դաշտ:
Մի անգամ եք հաջողել ձեր էժան տերերի հետ հոկտեմբերի 27-ին ու էլ երբեք չեք հաջողի: Կորելու եք հավիտյանս»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։
Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.
«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:
Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ: