«Նարեկի» բուժիչ աղոթքները. աղոթք վախի հաղթահարման և բժշկման
Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը կամ «Նարեկը» հայ և համաշխարհային հոգևոր գրականության հանճարեղ ստեղծագործություն է:
Դարեր շարունակ այս մատյանը պաշտվել է մեր ժողովրդի կողմից: Մատյանի առանձին գլուխներ համարվել են հոգին ու մարմինը բժշկող աղոթքներ: Այնքան մեծ է հավատը այս գրքի նկատմամբ, որ մինչ օրս մարդիկ «Նարեկը» դնում հիվանդ մարդկանց անկողնու մեջ, տարբեր հիվանդությունների բուժման համար ընթերցում հատվածներ:
Դեռևս միջնադարում «Մատյանի» ձեռագրերին կից հատուկ ցանկերում նշվել են հիվանդություններն ու դրանց բուժման համար նախատեսված համապատասխան աղոթքները:
Աղոթք վախի հաղթահարման ու բժշկման
Դո՛ւ, որ այսքան շատ հրաշքներ ես գործել,
Հայր ամենաստեղծ, անուն ահավոր, ձայն սարսափելի,
Կոչումն ընտանի, խոսք համբուրելի, ազդումն սքանչելի,
Հրաման սոսկալի, էություն անքննելի, գոյություն անճառելի,
Իսկություն անբավելի, զորություն անզննելի, կամք ամենաբարի,
Տերություն անսահմանելի, մեծություն
անչափելի, բարձրություն անբովանդակելի,
Քանակություն անկշռելի, առավելություն անհասանելի,
Պատճառ Որդու՝ հայրությամբ, այլ ո՛չ նախադաս լինելով.
Քո միջոցով և անպարագիր քո զորության շնորհիվ
Սաստի՛ր տառապեցնող ու դիվական տենդիս ջերմությունը,
Որ սպրդելով՝ մեղքի հետ մտավ ներս, որպեսզի փախչի մարդուց,
Զարհուրելով երկնավոր գառիդ սխրալի և առատահոս արյան վտակից,
Որով սրսկվեցինք թեպետ մի անգամ, բայց մաքրվեցինք մշտնջենապես:
Եվ արդ, արարչակերտ այս խորհրդի պատկառելի խոնարհությունից
Թո՛ղ ամաչի սատանան իր հրեշտակների չար գործերի համար,
Տանջվի՛ թող և հալածվի, հեռանալով ու արտաքսվելով
Քո բնակարանն եղող մարմնի խորանից
դեպի խավարն արտաքին:
Եվ ջնջի՛ր, սրբիր, դու մեր դեմքերից արցունքն ողբագին
Եվ հեծեծագին հառաչանքները մեր սրտերից հա՛ն,
Հիշելով հարվածները քստմնափուշ, ժանտատեսիլ և մահառիթ այն բևեռների,
Որոնցով գամվեց Միածինը քո՝ խաչի աշտարակի վրա՝ թող չարը ցավի գա
Եվ կողքը հերձող սայրասուր սլաքի ուժգին բախումից,
Որից խորապես մեծ վերք ընդունեց,
Նախապատճառը մահվան թող իսպառ սատակի՛, կորչի…:
Աղբյուրը՝ Մատյան ողբերգության, Էջմիածին