Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարաները
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հուլիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 23։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում, դեպի Ուջան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, մոտ 10 մետր կոտրել և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Արման Ա․-ն տեղում մահացել է, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մահացածի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել դիատարին և տեղում իրականացրել հերթապահություն։