Ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը. կա 1 զոհ. 4 վիրավորներից 3-ը երեխաներ են
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 55-ամյա Սերյոժա Հովակիմյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 43-ամյա Վիգեն Հովսեփյանի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «Նիվա»-ի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 12-ամյա Արթուր Հ.-ն, 8-ամյա Կարեն Հ.-ն, և 15-ամյա Արեգ Հ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործություւնների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այսօր՝ ժամը 08:30-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել են, որ վիրավորներից Ս. Հովակիմյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Նիվա»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել և «Արմեդ» հոգեբուժական և նարկոլոգիակա ռեգիստրում եղել է հաշվառված. ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Նիվա»-ի վարորդը, ով բախվել է «Ford»-ին: