Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ մեքենան մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Գևորգյանի վարած «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենան և Սյունիքի մարզի բնակիչ 69-ամյա Վանյա Թունյանի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2115»-ի ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Հայկ Հարությունյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Գ․ Գևորգյանն ու մյուս ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին և մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգանաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։
Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։