Ողբերգական ավտովթար Կոմիտասի պողոտայում. ծնողները հիվանդանոցում մահացել են, բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 09:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում՝ Րաֆու անվան դպրոցի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Վարդան Ա.-ի վարած Audi մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի, 22-ամյա Լևոն Խ.-ի վարած Ваз 2101 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 01-ի վարորդը, նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ, 62-ամյա Աննա Խ․-ն ու 66-ամյա Կամո Խ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Աննա Խ.-ն՝ Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Կամո և Լևոն Խ․-երը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ փրկարարները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Փրկարարները վիրավորներից 2-ին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնը:
Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Աննա Խ.-ն գիտակցության չգալով մահացել է:
Կարճ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորներից Կամո Խ․-ն ևս գիտակցության չգալով մահացել է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Վարորդները ենթակվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածները 01-ի վարորդի ծնողներն են: