Ոչ մի օր առողջական վիճակից չի բողոքել․ օրերս մահացած զինծառայողի դասընկեր

Ոչ մի օր առողջական վիճակից չի բողոքել․ օրերս մահացած զինծառայողի դասընկեր

Հրամանատարը, որը նույնպես ներկա էր Դավիթի հուղարկավորության արարողությանը, ասում էր, որ ծառայության մեկ տարվա ընթացքում Դավիթը ընդամենը 2 անգամ է բուժկետ գնացել՝ մի անգամ գլխացավի դեղ, մի անգալ էլ ոտքի համար քսուք վերցնելու:

Սիսիանի զորամասերից մեկում հունիսի 24-ին հանկարծամահ եղած Դավիթ Ներսիսյանի դասընկերը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է՝ «12 տարի միասին սովորել ենք, ոչ մի օր առողջական վիճակից չի բողոքել, չի ասել՝ որ որևէ տեղը ցավում է»:

«Դավիթի ծառայակից ընկերները և հրամանատարը ներկա էին հուղարկավորության արարողությանը: Հրամանատարը իր հետ Դավիթի պատվոգրերն ու շնորհակալագրերն էր բերել, որ նա անձամբ պիտի այս շաբաթ բերեր, բայց չստացվեց. երեքշաբթի օրը պիտի արձակուրդ գար, բայց չեկավ, բերեցին»,-հավելում է նա:

Դասընկերուհու խոսքով, 19-ամյա Դավիթը ընտանիքի ավագ որդին էր, իրենից փոքր մի եղբայր ունի:

«Ծնողները անչափ սիրում էին Դավիթին, չեն էլ ընդունում տեղի ունեցածը: Ծնողները գրեթե ամեն կիրակի գնում էին Դավիթին տեսնելու: Նրա ծնունդը հունվարի 1-ին էր, Նոր տարին նրա հետ զորամասի բակում են դիմավորել»,-ասում է նա: