Որքա՞ն արցախցի է ընդգրկված Ադրբեջանի «սև ցուցակում»
Reuters-ը, վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետին, հայտնում է, որ մոտ 200 ղարաբաղցի հայեր գտնվում են Ադրբեջանի «սև ցուցակում», որոնք մեղադրվում են տարբեր հանցագործությունների համար և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Սակայն գործակալությունը չի հրապարակում ցուցակում ընդգրկվածների անունները, ինչպես նաև «բարձրաստիճան դիվանագետի» ինքնությունը։
Ավելի վաղ Ադրբեջանի իրավապահ մարմինների ղեկավարները խոսել էին հետախուզման մեջ գտնվող 300-ից ավելի անձանց առկայության մասին։
Ադրբեջանական քարոզչական «Հաքին» լրատվականը այս կապակցությամբ գրում է. «ՌԴ զինված ուժերի 366-րդ մոտոհրաձգային գնդի բազմաթիվ սպաներ և զինվորներ, ովքեր մասնակցել են Խոջալուի գրոհին և ռազմական հանցագործություններ են կատարել Ղարաբաղում, նույնպես հետախուզման մեջ են հայտնվել։
Նրանք բոլորը լքել են Ադրբեջանի տարածքը 1990-ականների սկզբին, իսկ հետախուզվողների մի մասը Հայաստանի քաղաքացիներ են։ Այս տեսանկյունից հնարավոր է, որ ցուցակը «նեղանա» մինչև ղարաբաղցի 200 հոգի։ Միևնույն ժամանակ, այն կարող է ընդլայնվել, քանի որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը նոր քրեական գործեր է հարուցել ապօրինի հայկական զինված խմբավորումների անդամների նկատմամբ, ովքեր հանցագործություններ են կատարել Ղարաբաղում տեղական հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «սպանություն», «ահաբեկչություն» և «ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու» հոդվածներով հարուցվել է վեց քրեական գործ։ Այս գործերով ներգրավվածների անունները դեռևս անհայտ են։
Միաժամանակ Ադրբեջանը համաներում է հայտարարել հայերի համար, որոնք վայր դնելով զենքերը՝ ինքնակամ հանձնվել են։ Նրանց մեծ մասն արդեն լքել է Ղարաբաղը»։