Որքան է փոխվել սիրված երգչուհին․ Աիդա Սարգսյանը՝ դստեր և նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին
Bravo.am-ը գրում է․ «Ամեն տարի եկել եմ Հայաստան, ուղղակի չեմ հանրայնացրել ու համերգային գործունեություն չեմ ծավալել»՝ զրուցակիցս Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Աիդա Սարգսյանն է։
Նա ապրում է դստեր հետ, որն արդեն 14 տարեկան է ու ընտրել է գիտության ճյուղը։ Մայրիկի ճանապարհը դժվար ընտրի, քանի որ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Աիդան դրան այդքան էլ կողմնակից չէ։
– Ինչո՞ւ հեռացաք հայրենիքից:
– Այդ ժամանակ հոգեվիճակս այնպիսին էր, որ ինձ ոչինչ չէր հետաքրքրում՝ փակել էի անգամ երգ ու երաժշտության էջը։ Կորցրի իմ անփոխարինելի գանձին՝ մայրիկիս։ Փորձում էի հաղթահարել սթրեսը, բայց՝ ապարդյուն։ Անընդհատ մայրիկիցս էի խոսում, մտքով միշտ իր հետ էի ու չէի կարողանում համակերպվել նրա կորստի հետ։ Անասելի կապերով էի իր հետ կապված, իրեն էի փնտրում ու ամեն ինչ իրեն էր հիշեցում։
Իսկ իմ հոգեկան անհավասարակշիռ վիճակը երեխայիս վրա էր ազդում։ Ամեն անգամ ասում էր․«Մամա ջան, մի՛ լացիր, տատիկը վերեւից նայում է»։ Չէի հարմարվում, քանի որ մայրս իր ոտքով էր գնացել բժշկի… Մի խոսքով՝ ուշքի չէի գալիս ու որոշեցի գոնե որոշ ժամանակ հեռու լինել այն վայրերից, որ իրեն էին հիշեցնում։ Ինքս ինձ ներշնչեցի, որ պետք է գնամ, ու վերջ։
– Հասաք Միացյալ Նահանգներ ու ամեն ինչ սկսեցիք զրոյից։ Ի՞նչ էիք անում այնտեղ:
– Նոր միջավայր, նոր օրենքներ, նոր շփումներ։ Անկեղծ ասած՝ նեղվել էի գործընկերներիցս: Երբ զանգահարեցի ու ասացի՝ տեղափոխվել եմ, անմիջապես կորան։ Անգամ համարս չէին փոխանցում ինձնով հետաքրքրվողներին՝ ասելով, թե այլեւս չեմ երգում: Բայց չէին պատկերացնում, որ կապի այլ միջոցներ էլ կան… Չգիտեմ՝ ինչու էր իրենց թվացել, որ եթե ինձ բարեւեն, իրենցից ինչ-որ բան կուզեմ։ Ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել:
– Շփվո՞ւմ եք այստեղից գնացած ու այնտեղ բնակվող արտիստների հետ։
– Բացարձակ ոչ մեկի հետ, միայն՝ բարեւ եւ ցտեսություն։ Իսկ այն միտքը, թե Ամերիկան է փոխում մարդկանց, ճիշտ չէ, պարզապես ցույց է տալիս իրական դեմքը:
– Ձեզ այնտեղ լա՞վ եք զգում:
– Լավ զգալը հարաբերական է, բայց չեմ կարող աղջկաս ասել՝ վերջ, գնացինք։ Նա այնտեղ սովորում է ու պլաններ ունի։ Ես էլ մանկավարժի դիպլոմ եմ ստացել ու հիմա էլ բժշկություն եմ սովորում։ Ի դեպ, մանկուց երազել եմ բժշկուհի դառնալ։
– Գիտեմ, նաեւ լավ լողորդ եք, ավելին՝ վարպետի թեկնածու։
– Այո, 8 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ լողով։ Ու դա էլ իմ կյանքում շատ պատահական եղավ։ Ծնողներիս հետ գնացել էինք հանգստանալու, վերջին օրն էր՝ ծովում էինք, երբ ալիքը հարվածեց, ինձ կորցրի ու սկսեցի գոռալ․«Օգնե՜ք»։ Այդ դեպքից հետո որոշեցի՝ ես Աիդան չեմ լինի, եթե լավ լողորդ չդառնամ։