Ծննդաբերող կինը՝ Գայանե Ասատրյանը, և նրա ամուսինը՝ Սենիկ Կիրակոսյանը, երկար տարիներ դիմել են տարբեր բժիշկների՝ հույսով, որ մի օր մայրանալու և հայրանալու բերկրանքին կարժանանան: Սակայն, թեև բժիշկների հուսադրող խոսքերին, որ մի օր կկատարվի իրենց ցանկությունը, միևնույն է, ամուսնների մոտ առավելապես վերջին մի քանի տարին այդ հույսը լրիվությամբ կորել է:
Մայր դարձած Գայանեն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ կարծես երազում լինեն. կատարվածի իրական լինելը դեռ ամբողջությամբ չեն ընկալում՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ փոքրիկը մեծ ուրախություն է պարգևել իրենց:
«Արդեն հույսներս կորցրել էինք, անգամ համակերպվել, բայց մեր Լուսեն մեզ անակնկալ արեց: Գնացինք «Հանրապետական» հիվանդանոց, էԽՈ արեցին, ասացին՝ հղի եք, այնքան էի ուրախացել ու միաժամանակ շփոթվել, տարբեր զգացողություններ էին խառնվել, դրան գումարվել էր նաև բժիշկների զարմանքը, իսկ դրանից 40 րոպե հետո կեսարյան հատմամբ ծնվեց աղջիկս:
Տպավորություն է, որ երազի մեջ եմ, ու ինձ հետ կատարվողը իրականություն չէ, միայն Աստծուն եմ շնորհակալություն հայտնում՝ երեխա պարգևելու համար, որին այնքա՜ն երկար եմ սպասել»,- հուզմունքը զսպելով՝ պատմում է գրեթե մեկ ամսական Լուսեի մայրը:
Երեխայի ծնվելուց մի քանի օր առաջ Գայանեն Սուրբ Հովհաննես եկեղեցի է գնացել, ուխտ արել՝ Աստծուց երեխա խնդրել՝ չիմանալով անգամ, որ կրծքի տակ կրում է նրան:
«Այնքան տարօրինակ զգացողություններ եմ ապրել Լուսեի ծնվելու ժամանակ, երբ զանգում էին, որ շնորհավորեն, չէի կարողանում խոսել, հուզվում էի, չէի հավատում: Աստված է ինձ Լուսիս ուղարկել: Ամեն շաբաթ-կիրակի ամուսինս գնում էր եկեղեցի, մոմ վառում, բոլոր ծիսակատարություններին մասնակցում: Ես մանկապարտեզում եմ աշխատում, ամուսինս բոլոր երեխաներին կոնֆետներ էր բերում, մեր թաղի բոլոր ծանոթ ու անծանոթ երեխաներին էլ, այնքան շատ է սիրում երեխաներ, ու ինքը որքան այդ երեխաներին է կամեցել, տվել, Աստված էլ մեզ տվեց:
Մեր կյանքն իմաստավորվել է, փոխվել: Միակ երեխան եմ ծնողներիս, եղբայրս 18-ը չբոլորած մահացել է, ու 25 տարի մեր տան դուռը ասես փակ լիներ, Լուսես իր ծնունդով բացեց այն, իմ տան դուռը բացեց, լույս բերեց, դրա համար էլ Լուսե եմ դրել իմ աղջկա անունը»,- պատմում է նա:
Իսկ ինչպե՞ս է եղել, որ որևէ կերպ կինը չի զգացել, որ հղի է: «Կլիմաքսի շրջանում էի ու մտածում էի, որ այդ փոփոխությունները հենց դրա հետ են կապված, սրտխառնոց էի ունենում, բայց իսկապես չեմ պատկերացրել, որ կարող է հղի լինեմ»,- ասում է Լուսեի մայրիկը:
Մոր համար որքան անսպասելի է եղել երեխայի ծնվելը, այնքան անսպասելի և անհանգստացնող նրա մոտ հայտնաբերված հիվանդությունը. «Կերակուրը հետ էր տալիս, չէր մարսում, ոտքերն էին ձգում, քնի ժամանակ շատ անհանգիստ էր, մտածում էինք՝ գազիկներ ունի, բայց փաստորեն խնդիր ուներ: Ես, որ Լուսեին տարա բժշկի՝ Նիկոլայ Դալլաքյանի մոտ, որին հոգաչափ շնորհակալ եմ՝ երկրորդ կյանք պարգևելու համար (հուզվում է), միայն Աստծուն խնդրում էի, որ վիրահատությունն էլ հարթ ընթանա, ինչպես հղիության դեպքում էր եղել: Փառք Աստծո, ամեն ինչ հաղթահարեցինք, հիմա էլ կերակրել եմ ու գրկումս հանգիստ քնած է: Այդ 25 տարիների սպասումն ու սերն եմ հիմա իրեն տալիս, անգամ չեմ ուզում գրկիցս մի րոպե վայր դնել»:
Փոքրիկի հայրը՝ 53-ամյա Սենիկ Կիրակոսյանն էլ ասում է, որ եթե իրեն մեկը պատմեր նման դեպքի մասին, չէր հավատա, կմտածեր՝ հորինում են, խաբում, անհնար է, բայց արի ու տես, որ հենց իրենց հետ է կատարվել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում