Պատերազմից փրկվեց՝ 2 օր անց կրակի փայ դարձավ
20-ամյա Մարատի մասին քույրը՝ Ռիման, մեկ ժպիտով է խոսում, մեկ էլ թաց աչքերով։ “Աշխարհում չեմ ճանաչում որևէ մեկին, ով Մարատի սիրտը կունենար, անչափ բարի ու հոգատար եղբայր էր”,- ասում է նա։
Սարգսյանների ընտանիքը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից է տեղահանվել։ Ռիման MediaHub-ին պատմում է ընտանիքի գլխով անցածը։
Սեպտեմբերի 25-ին Մարատը վառելիքի պահեստի տարածքում էր, պայթյունից հետո ողջ էր մնացել, բայց երբ տեղափոխվել է Հայաստան՝ մահն արձանագրվել է հիվանդանոցում։
«Մարատը դեպքից 2 օր առաջ էր տուն վերադարձել, զինծառայող էր, սեպտեմբերյան մարտերի մասնակից։ Հրադադարից հետո հայրս և 3 եղբայրներս ևս պետք է տեղափոխվեին Հայաստան։ Վառելիք չկար։
Իմանալով, որ Հայկազովի տարածքում բենզին են տալիս, Մարատը ևս գնացել էր այդտեղ։ Դիրքերից իջել էր սեպտեմբերի 23-ին, իսկ ամսի 25-ին տեղի ունեցավ այդ անիծյալ պայթյունը։ Մորաքրոջս տղայից առ այսօր նորություն չկա։ Այնքա՜ն ջահելներ կորցրեցինք»,- ափսոսում է Ռիման։
Դեռ մի ցավը չմարսած, 2-րդ հարվածը ստացավ ընտանիքը։ Ընդամենը 4 ամիս առաջ չարորակ ուռուցքի պատճառով մահացել է մայրը, գերեզմանն էլ մնացել է հայրենի գյուղում։
Ընտանիքի ամբողջ հոգսը 2-րդ կարգի հաշմանդամ հոր՝ Սենորիկի վրա է։ Նա 13 տարեկան էր, երբ իր մայրը զոհվեց ադրբեջանական գրադի հարվածից, հիմա նույն տարիքի տղա ունի։ Կնոջ մահից հետո, ասում է, պատմությունը կարծես կրկնվում է ընտանիքում։
Սենորիկ Սարգսյանի խոսքով՝ սեպտեմբերի 19-ից 20-ին տեղի ունեցած ռամական գործողությունների ժամանակ որդին ամենաթեժ կետերում է կռվել, հրաշքով է փրկվել, բայց. «Կրակի փայ դարձավ տղաս, սա ի՞նչ անեծք է»։
Մարատի կյանքը փրկելու համար 10 օր պայքարել են բժիշկները։ Վերջին անգամ քրոջից «Բաունթի» շոկոլադ է խնդրել։ Հետո կտրուկ վատացել է, տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։
Այդ ընթացքում մեծ եղբայրը՝ Նաիրին, մեկ րոպե անգամ կողքից չի բացակայել, բժիշկների հետ հավասար պայքարի մեջ է եղել, եղբորն ուժ է տվել։ Բայց, հոկտեմբերի 6-ին, փոքր եղբոր՝ Մարտինի ծննդյան օրը, չի դիմացել, մահացել է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում