Մայոր Ռաֆայել Վասիլյանը Խաղաղապահ ուժերի բրիգադի հակաօդային պաշտպանության ծառայության պետն էր: Ռաֆայելն Արցախյան վերջին պատերազմի հազարավոր զոհերից է: Նա զոհվել է պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Մարտունիում:
Ինչպես զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներում, Ռաֆայելի ընտանիքում նույնպես առաջինը, ինչ տեսնում ես՝ փոքրիկ անկյուն-խորանն է, որտեղ հարազատները հավաքում են նրա լուսանկարներն ու անձնական իրերը:
Մայոր Ռաֆայելի անկյունը ստեղծել է նրա կրտսեր քույրը՝ Վիկտորյան: Նա սրբորեն պահում է նույնիսկ եղբոր զինվորական բաճկոնի գրպանից հանված կոնֆետի թղթերը: Վիկտորյան հուզված է, բայց լուսավոր ժպիտով է խոսում եղբոր մասին․ ասում է՝ Ռաֆայելը լացը չէր սիրում:
Ռաֆայելն ամուսնացել էր պատերազմից ամիսներ առաջ։ Կնոջ՝ Աննայի հետ, ծանոթացել են երկու տարի առաջ, և նրանց պատահական ծանոթությունը մեծ սիրո սկիզբ է դարձել. «Ամուսնացել ենք 2020 թվականի հուլիսի 12-ին՝ հեքիաթային մի օր, երկուսիս համար էլ շատ սպասված էր՝ և ընտանիքների, և հատկապես մեր համար, Ռաֆայելի հետ երազում էինք շատ բալիկներ ունենալ, մեր տունը մեծացնել, որ բոլոր երեխաներին բավարարեր»:
«Ռաֆայելը շատ լավ հայր կլիներ իր երեխաների համար»,- արցունքները զսպելով ավելացնում է Աննան:
Ռազմաճակատ մեկնելու օրը Ռաֆայելը չի հասցրել անգամ հրաժեշտ տալ սիրելի կնոջը, իսկ պատերազմի օրերին պահվող հեռախոսակապն ընդհատվել է նոյեմբերի 9-ին, զինադադարից ժամեր առաջ. «Լույսը բացվեց, այդ օրը շատ պլաններ ունեինք. կիրակի օր էր, նոր էր եկել զորավարժությունից, մտածում էինք՝ հավաքվեինք, միասին ինչ-որ տեղ գնայինք, բայց եկավ այդ զանգը, տագնապ էր, ու ինքը պետք է գնար:
Օրվա մեջ մեկ անգամ գոնե զանգում էր, շատ կարճ էինք խոսում. երբեք ավելորդ հարցեր չէի տալիս: Ինքն աում էր, որ պետք է ուժեղ լինենք, ու ամեն ինչ լավ կլինի. ես հավատում էի»:
Աննան չի կարողանում շարունակել խոսքը և արտասվում է:
Ռաֆայելի ավագ քրոջ՝ Հասմիկի մանկության առաջին հուշերը հենց Ռաֆայելի հետ են կապված. «Ամենալուսավոր մարդն էր ճանաչածս մարդկանցից, իսկ ես քիչ մարդ չեմ ճանաչում: Շատ լուսավոր ու շատ բարի:
Քրոջս չեմ հիշում, որովհետև մեր տարբերությունն այդքան մեծ չի, բայց եղբորս առաջին հարվածները ու ծննդյան օրվանից հետո տուն բերելու արարողությունները շատ լավ տպավորվել են մեջս: Բառերով չէր արտահայտում իր զգացմունքները, այլ արարքներով ու իր կյանքով էր ցույց տալիս, սովորեցնում, թե ինչպիսին պետք է լինի հայ սպան, ու, առաջին հերթին՝ հայ մարդը:
Մայոր Ռաֆայելի հայրը՝ Հովհաննեսը, մեզ հետ առանձնազրույց չկարողացավ ունենալ․ նա տեսաուղերձով անդրադարձավ որդու անցած կարճ, բայց բովանդակ կենսագրության էջերին՝ հատ-հատ թերթելով դրանք. «Հիանալի ձեռագիր ուներ ինքը, ոնց որ մարգարտաշար… ու մինչև վերջ էլ այդ ձեռագիրը պահպանեց:
Հետո իր մեջ հետաքրքրություն առաջացավ տեխնիկական գիտությունների՝ քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի ուղղությամբ. այդ առարկաների նկատմամբ հատուկ ուշադիր էր և սկսեց գերազանց առաջադիմությամբ սովորել:
Ինքը շատ կարգապահ տղա էր, անչափ կարգապահ ու բծախնդիր իր հագուստի նկատմամբ:
Դպրոցն ավարտեց գերազանցության ատեստատով, դպրոցն ավարտելուց հետո անմիջապես որոշեց մասնագիտություն ընտրել, ու դեռ մինչև ավարտելն ինքն անընդհատ խոսում էր ինքնաթիռների մասին, տիեզերքի մասին, մոլորակների մասին: Քանի որ մայրն ուսուցչուհի էր, ամբողջ օրը ֆիզիկայի մասին հարցեր էին քննարկում, խոսում»:
Հովհաննես Վասիլյանը երախտագիտությամբ է հիշում Ռաֆայելի հրամանատարական կազմին. «Հատկապես հարգանքներս իր ինստիտուտի (ՀՀ ԶՈՒ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ) ռեկտորին՝ պարոն Բալայանին, որովհետև տղաս այդ ինստիտուտն ավարտելուց հետո զգացի՝ չնայած տարիքով փոքր էր, բայց արդեն տղամարդ դարձած ավարտեց ինստիտուտը»:
Մայոր Ռաֆայել Վասիլյանը գերազանց ավարտել է Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետեւ ուսումը շարունակել ՀՀ ԶՈՒ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում։ Գերազանց ավարտելով համալսարանը՝ 2012թ.-ին գործուղվել է ծառայության Գյումրու N զորամաս: 2014թ.–ին ծառայությունը շարունակել է Արզնիի N զորամասում: 2014թ.–ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ ուժերի բրիգադի Օպերատիվ բաժնի սպա: 2016թ.–ին նշանակվել է նույն զորամասում՝ որպես դասակի հրամանատար:
2014-2018թթ. մասնակցել է Աֆղանստան խաղաղասիրական առաքելություններին՝ դրսևորելով կարգապահ վարք և մեծ ընկերասիրություն: 2018թ.-ի հունվարի 19-ին մայոր Վասիլյանը նշանակվել է ՀՕՊ–ի պետ: Բազմիցս մասնակցել է Հայաստանում և արտերկրում վերապատրաստման ծրագրերի և ռազմաուսումնական վարժանքների:
Որպես վերապատրաստման դասընթացի ղեկավար՝ մասնակցել է ՀՀ ԶՈՒ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում անցկացվող ռազմաուսումնական վարժանքներին: Իր ծառայության ընթացքում Ռ. Վասիլյանն արժանացել է նաև բազմաթիվ խրախուսանքների:
Նա հերոսաբար զոհվել է նոյեմբերի 9-ին Մարտունի 2-ում:
Շնորհավոր երկնային ծնունդդ հերոս
Նյութը՝ 168.am-ից