ՍԴ որոշման համաձայն՝ Լևոն Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի ու ներկայանա ԱԺ. Արծվիկ Մինասյան
Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Եթե Լևոն Քոչարյանը ցանկություն հայտնի վերցնել մանդատը, ապա ՀՀ սահմանադրական դատարանի` 2021 թ. որոշման համաձայն նոյեմբերի 6–ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է մանդատ շնորհի նրան, որից հետո նա պետք է անհապաղ ազատ արձակվի կալանավայրից, ներկայանա ԱԺ հաջորդ նիստին ու տա պատգամավորական երդում։
«Այս պահի դրությամբ մանդատի հերթը Լևոն Քոչարյանինն է, որը ապօրինի կալանքի տակ է գտնվում Նուբարաշեն ՔԿՀ–ում և դատական վերջին ապօրինությունն այն էր, որ ևս երկու ամսով երկարացվեց նրա կալանքը։ Այս որոշումն այնքան ապօրինի է, որ հետագայում գրվելու է իրավունքի պատմության գրքերում, թե ինչպես իրավական «բեսպրեդելությունը» կարող է արտահայտվել»,– նշեց Մինասյանը։
Արծվիկ Մինասյանը նաև ներկայացրեց այն ընթացակարգը, թե ինչպես պետք է Լևոն Քոչարյանը ստանա պատգամավորական մանդատը։ Նա տեղեկացրեց, որ համապատասխան որոշում ընդունելուց հետո ԿԸՀ–ն պարտավոր է տրամադրել արձանագրություն, որի հիման վրա իրավասու մարմինը` ՔԿՀ–ն պարտավոր է միանգամից ազատ արձակել Քոչարյանին։
Միասյանը միայն մի մտավախություն ունի, որ դատելով ՀՀ իրավական համակարգի վատթար վիճակից` շատ հնարավոր է, որ ՔԿՀ–ից ասեն, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականն է պետք, որպեսզի կարողանան դա անել։ Այդ պատճառով էլ նախատեսվում է, որ ԿԸՀ արձանագրությունը ստանալուց հետո Քոչարյանի` իրավասու փաստաբանական թիմը կդիմի նաև դատախազությանը։